Ոստիկանությանն տվյալներով երեկ ոստիկանական բաժանմունքներ են բերման ենթարկվել 110 քաղաքացիներ: Սակայն շրջանառվում են նաև տեղեկություններ 118 և ավելի բերման ենթարկվածների մասին: Թվաքանակների այս տարբերությունները վկայում են այն մասին, որ որոշ քաղաքացիների դեպքում չեն կազմվել ժամանակավորապես ազատությունից զրկելու, վարչական իրավախախտման մասին արձանագրություններ: Այսինքն` ստացվել է այնպես, որ քաղաքացիներին բերման են ենթարկել, կամ ինչպես ոստիկանությունն է սիրում ասել, վարչական բերում են իրականացրել, բայց դա չի ստացել իրավաբանական ձևակերպում: Այստեղ կարևոր է նաև շեշտել, որ ոստիկանությունը անգամ վարչական բերում իրականացնելու իրավունք չունի, այլ ընդամենը տեղում պարտավոր է կազմել վարչական իրավախախտման մասին արձանագրություն:
Փաստորեն երեկվա իրադարձությունների ժամանակ ոստիկանությունը կատարել է մի քանի իրավախախտումներ.
1. սահմանափակել է քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը` առանց ներկայացնելու անհրաժեշտ իրավական հիմքերը,
2. խախտել է խաղաղ բողոքի ակցիաներ իրականացնելու քաղաքացիների իրավունքը,
3. առանց իրավական հիմքերի ներկայացման՝ քաղաքացիներին ժամանակավորապես զրկել է իրենց ազատությունից,
4. գրեթե բոլոր բերման ենթարկվածները ոստիկանական բաժանմունքներում պահվել են օրենքով սահմանված առավելագույն 3 ժամից ավել,
5. քաղաքացիներին պատշաճ չեն ներկայացվել իրենց իրավունքները,
6. որոշ դեպքերում ճիշտ չեն նշվել բերման ենթարկելու ժամերը,
7. քաղաքացիների մի մասի դեպքում չեն կազմվել արձանագրություններ:
Արձանագրություններ չկազմելով ոստիկանությունը արդեն իրեն դուրս է դրել ծառայողական պարտականությունները կատարելու շրջանակից, հետևաբար այս պարագայում ոստիկանության աշխատակիցների և շարքային ՀՀ քաղաքացիները կողմից առևանգվելու և ապօրինի ազատությունից զրկվելու միջև էական տարբերություն չկա:
Ապօրինի առևանգվածի կարգավիճակում եմ գտնվել նաև ես: Ինձ նստեցրել են ոստիկանական մեքենա 16:40-16:50 ընկած ժամանակահատվածում: Ավելի քան երեք ժամ ոստիկանական բաժնում պահելուց հետո` 20:20-ին տեղեկացրել են, որ ես ազատ եմ և կարող եմ գնալ: Իմ այն հարցին, թե ուր են ազատությունից ժամանակավոր զրկելու և վարչական իրավախախտման մասին արձանագրությունները, ինչպես նաև ազատության սահմանափակումը վերացնելու մասին հայտարարությունը՝ պատշաճ պատասխան չի տրվել Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակիցների կողմից:
Մոտավորապես 30 րոպե հետո մեզ մոտեցավ հետաքննչական բաժնի պետ, փոխգնդապետ Արեյանը և հարցրեց, թե արդյոք մեր մեջ կան լրագրողներ: Ես ասացի, որ ես եմ: Աշխատասենյակում նա ասաց, որ ես ազատ եմ: Երբ ես ևս մեկ անգամ բարձրաձայնեցի արձանագրությունների մասին, նա ասաց, որ վաղը կկազմվի: Իմ այն պնդումից հետո, որ իրենք պարտավոր են այդ պահին կազմել արձանագրություն, նա ինձ դուրս հրավիրեց աշխատասենյակից:
Այսօր ինձ ոստիկանությունից չեն կանչել արձանագրություն կազմելու:
Այսպիսով ես, ՀՀ քաղաքացի Սևակ Մամյանս, ավելի քան 3:30 ժամ զրկվել եմ իմ ազատությունից և այդ մասին ոչ մի տեղ իրավաբանորեն ձևակերպված չէ: Հետևաբար ոստիկանության աշխատակիցները այս դեպքում գործել են ոչ թե որպես ոստիկաններ, այլ ընդամենը որպես շարքային օրինախախտ քաղաքացիներ: Նման պայմաններում նրանց պետք է սպառնա քրեական պատասխանատվություն՝ անձին առևանգելու և ապօրինաբար ազատությունից զրկելու համար:
Araratnews.am-ի լրագրող` Սևակ Մամյան