տուն Քաղաքական «ՈՉ»-ի դեմքը Ռոբերտ Քոչարյանն է եւ Սերժ Սարգսյանը. Արամ Սարգսյան (տեսանյութ)

«ՈՉ»-ի դեմքը Ռոբերտ Քոչարյանն է եւ Սերժ Սարգսյանը. Արամ Սարգսյան (տեսանյութ)

341
0

Այսօր՝ մարտի 10-ին, Սյունիքի մարզում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ասելով, որ հեղափոխության ժամանակ, երբ ժողովուրդը «մերժում էր Սերժին», այդ մերժումը վերաբերում էր ամբողջ համակարգին` օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններին։

«Հիմա հայտնվել են մարդիկ, որ ասում են՝ ժողովուրդը չի մերժում: Գործող իշխանությունն էլ ասում է՝ որպեսզի ճշտենք՝ ժողովուրդը մերժում է, թե ոչ, դնում ենք հանրաքվեի: Այդ նույն մարդիկ ասում են՝ ոչ դա իրավական չէ: Դրան ասում ես՝ «բարեւ ձեզ»: Կա՞ որեւէ երկիր, որտեղ ասեն՝ ժողովրդի կամքը հարցնելը իրավական չի: Մենակ չասեք՝ Ադրբեջանը»,- հայտարարեց Արամ Սարգսյանը, նշելով, որ հիմա ընտրությունները չեն կեղծվում, հիմա բոլորի քվեն հաշվելու են, հետեւաբար, հանրաքվեն շատ կարեւոր է։

««ՈՉ»-ի դեմքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Եթե սխալվում եմ, թող նրանք ինձ ասեն՝ Արամ ջան, սխալվում ես, մենք «ոչ» չենք, մենք «այո» ենք:

Իրենք «ոչ» են, որովհետեւ Սահմանադրությունը նախկին առաջին դեմքերին քաղաքական հարցեր լուծելու առումով անձեռնմխելիություն է տալիս: Իրենք ուզում են օգտվել ՍԴ-ից, որը հնի հենարանն է, ապահովելու է այդ անձեռնմխելիությունը»:

Ելույթի ավարտին Արամ Սարգսյանը հայտարարեց` հանրաքվեին  «Այո» է ասելու, որ իր երեխաները երբեւիցե ՍԴ-ի հետ չունենան այն խնդիրները, որոնք ինքն է ունեցել: