տուն Լուրեր Ոչ իշխանականների գրեթե գաղտնի հանդիպումը

Ոչ իշխանականների գրեթե գաղտնի հանդիպումը

139
0

23

Երեկ երեկոյան ՀՀԿ Գերագույն Մարմնի նիստին զուգահեռ ընթանում էր ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն հանդիպումը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի Ժողովրդական Կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԱԺ ԲՀԿ պատգամավորներ Ստեփան Մարգարյանը,Վարդան Օսկանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Թե´ ՀՀԿ ԳՄ նիստը, թե´ այս հանդիպումը սակայն որևէ լուսավորություն չտվեցին հասարակության՝ այս հանդիպումներից ակնկալիքներ ունեցող զանգվածին: Ճիշտ է, եղավ լրատվական խաբկանք, և որոշ լրատվական միջոցներ հաղորդեցին նոր վարչապետի անունը, մատնանշելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, սակայն շտապ այդ լուրերը հերքվեցին, իսկ կայքերից արագ հանվեցին: Ոչ իշխանական ուժերի հանդիպումից հետո տարածվեց հաղորդագրություն, որում ասվում էր, որ հանդիպման ժամանակ քննարկվել են երկրում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում համատեղ քաղաքական օրակարգի և գործողությունների ծրագրի ձևավորման հարցերը: Հետաքրքրական է, որ ոչ իշխանականների հանդիպմանը բացակայել է ՀՅԴ-ն, որի ներկայացուցիչները պատճառաբանել էին իրենց բացակայությունը նրանով, որ իմաստ չեն տեսնում այժմ այդպիսի հանդիպման: Միաժամանակ մի քանի օր է, ինչ շրջանառվում էին լուրեր այն մասին, որ ՀՅԴ ղեկավարությունը հանդիպումներ է ունեցել Սերժ Սարգսյանի հետ ու բանակցել փոխվարչապետի պաշտոնում քաղաքաշինության, այնուհետեւ գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանին նշանակելու հարցի շուրջ: Սրանով կարելի է ենթադրել, որ ՀՅԴ-ն դուրս կգա քառյակից, կամ եթե նման որոշում չկա էլ, ապա գոնե այս պահին չի պատրաստվում Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունները փչացնել: Իսկ թե վարչապետի անունը հայտարարելու ձգձգումն ինչի հետ է կապված՝ հազարավոր ենթադրություններ կարելի է անել: Գուցե նա դեռ Հայաստան չի եկել…

Արմեն Մկրտչյան