Ամիսներ շարունակ Հայաստանի քաղաքական դաշտում շրջանառվում է մի շատ տարօրինակ տերմին՝ ոչ իշխանական կուսակցություն: Ըստ տրամաբանության, ոչ իշխանական են համարվում ընդդիմադիր քաղաքական ուժերը, այսինքն այն ուժերը, որոնք իշխանության մաս չեն կազմում, չեն սատարում: Սակայն զարմանալիորեն իրեն ոչ իշխանական ուժ հռչակած կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն լրագրողների այն հարցին, թե ընդդիմադիր է արդյո՞ք ԲՀԿ-ն , թե ոչ, առնվազն երկու անգամ պատասխանեց, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր չէ, ու չի էլ կարող լինել:
Փորձենք քաղաքագիտական անդրադարձ կատարել այս եզրույթին. որևէ քաղաքագիտության դասագրքում, քաղաքագիտական ուսումնասիրության մեջ կամ այլ տեղ բացատրված չէ, թե ինչպես կարող է քաղաքական ուժը՝ չլինելով ընդդիմադիր, իրեն որակել որպես ոչ իշխանական: Սակայն Հայաստանի օրինակով առավել քան զարմանալի է, որ ԱԺ- ում գտնվող Հայ Ազգային Կոնգրես, Ժառանգություն և Դաշնակցություն կուսակցությունները ամենևին էլ դեմ չեն, երբ իրենց մյուս գործընկեր՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը վերոնշյալներին ևս նույնացնում է իր հետ, ու թե հայտարարություններում, թե առաջարկներում, թե անգամ կուսակցականների բերաններով շրջանառության մեջ դնում ԱԺ 4 ոչ իշխանական կուսակցություններ տերմինը: Ստացվում է, որ չընդվզելով նման տերմինի դեմ, ԱԺ-ում ներկայացված երեք կուսակցություններն ընդունում են, որ իրենք ևս խուսափում են ընդդիմադիր կոչվելուց: Ավելին, ֆեյսբուքյան գրառումներին հետևելով կարելի է հասկանալ, որ ոչ իշխանական ԲՀԿ-ի համագումարի մասին նյութերը, հայտարարությունները, պատգամավորների ու ակտիվիստների գրառումները ժրաջանորեն տարածվում են բլոկում եղած մյուս ուժերի ներկայացուցիչների, հատկապես Հայ Ազգային Կոնգրեսի անդամների կողմից, իսկ ԲՀԿ-ի հասցեին հնչեցված ամենափոքր քննադատությանն անգամ առաջինը պատասխանում ու քննարկման մեջ են մտնում, որքան էլ որ զարմանալի է, ՀԱԿ ակտիվիստները: