1988թվականի դեկտեմբերի 7-ի ընդամենը վայրկյաններ տևած ավերիչ երկրաշարժը, ցավոք սրտի, շարունակվեց շատ ավելի երկար` այսօր արդեն՝ քառորդ դար: Ներկայումս գրեթե անհնար է հաշվարկել, թե այս 25 տարիների ընթացքում ինչ քանակությամբ գումարներ են ուղղվել Աղետի գոտու վերականգնմանը, առավել դժվար է գտնել, թե իրականում ուր են գնացել այդ միջոցները, քանի որ Աղետի գոտին շարունակեց մնալ այդպիսին:
1990-ականներին, հայկական նորանկախ պետականությունը ծանրագույն փորձությունների առաջ էր և այդ փորձություններից մեկն էլ երկրաշարժի ավերիչ հետևանքներն էին: Սակայն հետագա տարիներին, երբ երկիրը թեկուզ և ծանր զոհերով դուրս էր եկել պատերազմից հաղթանակով, ենթադրելի էր, որ ձեռնարկվելու էր ներքին պատերազմը երկրաշարժի հետևանքների դեմ, որում հաղթանակը թերևս ավելի հեշտ պետք է լիներ, իսկ իր կարևորությամբ գուցե և համեմատական արցախյան գոյամարտի հետ: Սակայն ժամանակն այլ նվերներ մատուցեց:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի մանկլավիկները մինչև օրս էլ նրան ներկայացրել են որպես Ռոբերտ շինարար, իր պաշտոնավարության հենց սկզբնական շրջանից հանդես եկավ մի շարք կտրուկ հայտարարություններով` հույս արթնացնելով, որ վերջապես կվերանա Աղետի գոտին: Սակայն, ինչպես տեսանք, իրականում ավելի շատ քայլեր արվեցին տերմինաբանության դեմ, և հայաստանյան իշխանությունները սկսեցին պայքարել «Աղետի գոտի» ձևակերպման դեմ: Իհարկե, հանուն արդարության պետք է նշել, որ որոշակի քանակությամբ բնակարանաշինություն եղել է Հայաստանի բոլոր նախագահների օրոք, շատ հաճախ միջազգային բարեգորգործական հիմնադրամների միջոցներով, անգամ անհատ բարեգործների ջանքերով, սակայն այստեղ կարևորը ոչ թե գործընթացի շարունակականությունն էր, այլ արդյունավետությունը։ Ինչ վերաբերում է կառուցված բնակարանների շինարարարկան որակին, դա անգամ քննարկման ենթակա չէ:
Արդյունավետության մասին խոսում են միայն թվերը: Այսօր` երկրաշարժից քառորդ դար անց, Գյումրիում անօթևան են ավելի քան 4000 ընտանիք` այսինքն մոտավորապես յուրաքանչյուր վեցերորդը, պաշտոնապես սակայն, հայաստանյան իշխանությունները, որպես երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած, ճանաչում են միայն 1200-ին: Թե ով է լուծելու մնացածի խնդիրը՝ բնականաբար իշխանությանն ու կառավարությանը չի հուզում` ինչպես և ընդհանրապես շատ բաներ այս երկրում: Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետի հայտարարությամբ միայն 2013 թվականին Գյումրու բնակչությունը նվազել է 24000-ով, սա արդեն եզրագծային ցուցանիշ է, որը վկայում է այն մասին, որ Գյումրին ոչ միայն քայլ չի կատարում աղետի գոտուց դուրս գալու համար, այլև վերածվում է մեռնող քաղաքի:
Այս ամենի ֆոնին, իհարկե, տարատեսակ հայաստանյան պաշտոնյաները ողբերգական տոնայնությամբ կհիշեն երկրաշաժի զոհերին, հերթական անգամ կշեշտեն, որ պետք է արմատախիլ անել աղետի գոտին ու երկար-երկար կխոսեն արված աշխատանքների ու ձեռքբերումների մասին: Այս ճառերը սակայն գործնականում ոչինչ չեն տա դատարկվող Գյումրուն: Իրականում արդեն դեկտեմբերի 7-ը մենք կսկսենք նշել ոչ թե որպես սգո և հիշատակի օր, այլ, ինչպես կասեր Գյումրու ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, որպես ամոթի օր:
Լուսանկարը` Հայկ Բարսեղյանի
Աղասի Մարգարյան