Այսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ազատամուտ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Honda Fit մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, մեկ հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: