Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են MAN մակնիշի բեռնատար եւ Renault Logan մակնիշի մարդատար ավտոմեքենաները։ Այս մասին գրում է SHAMSHYAN.com-ը: Ըստ աղբյուրի, բախման հետևանքով Logan-ը, որն այդ պահին հեղուկ գազ լիցքավորելիս է եղել, վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ MAN բեռնատարը կողաշրջվել է։ Մեկ հոգի տղում մահացել է, 3 տուժածներից 2-ը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 1-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններ։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Իրավապահները պարզում են վարորդների, վիրավորների և մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն, ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, տեղեկացրել են, որ մինչև տաքսի Logan-ին բեռնատարի բախվելը, MAN բեռնատարը հետընթաց կատարելիս բախվել է մեկ այլ՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայի: MAN-ի վարորդը ավտոմեքենայի մեջ չի եղել և մեքենան ինքնաբերաբար է հետընթաց շարժվել։