Հայաստանում գրանցված է մոտ 140 հազար ձեռնարկություն, մշտապես գործում է մոտ 82 հազարը: Գործողներից էլ մոտ 60 հազարը շրջանառության հարկի դաշտում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նրա խոսքով՝ շրջանառության հարկից դուրս գործող, ամենախոշոր 5000 ընկերություններն են, որ ապահովում են բյուջեի եկամուտների 98%-ը: «Մենք ցանկանում ենք, որ մեծամասնությանը ազատենք հարկային պարտավորությունից: Մեր թիրախը քաղաքացին է. ոչ թե մեզ պետք է բյուջե լցնել, այլ 58 հազար շրջանառության հարկ վճարողների առյուծի բաժնին մենք ուզում ենք ընդհանրապես հարկերից ազատել, որ մարդը գնա ընդհանրապես իր սոցիալական խնդիրները լուծի»,- ասաց Վ. Այվազյանը:
Նրա ասելով՝ 58 հազար շրջանառության հարկ վճարողներից 47 հազարի շրջանառությունը մինչև 10 մլն դրամի չափ է, 4300-ինը՝ 10-ից մինչև 30 մլն-ի չափ, մնացածինը՝ 30-58 մլն: «Մենք դեռ քննարկում ենք, առաջարկն այն է, որ մինչև 30 միլիոն շրջանառություն ունեցողներին ազատենք շրջանառության հարկից, դա նշանակում է 52 հազար տնտեսվարողի ասում ես՝ եղբայր ջան, գնա, ընտանիքիդ հոգսերը հոգա: Երկրորդ՝ մնացածի շրջանառությունը, որ 30-58 միլիոն է, ու 3,5% են տալիս, ասում ենք՝ դա էլ պետք չի, 1% տվեք՝ 3.5%-ի փոխարեն: Եվ երրորդը՝ ասում ենք՝ երբ որ վաճառում ես, թույլ տուր, որ ստուգման ժամանակ նայեմ՝ իրականում այդ փաստաթղթին համապատասխան ապրանքը ունե՞ս: Մեկ է՝ ազատված ես հարկից, բայց եթե փաստաթուղթդ չտեսա, պատժվելու ես»,- ասաց Վ. Այվազյանը՝ շեշտելով, որ կառավարության այս նախաձեռնությունը դեռ նախնական է. հարկերից ազատելու շեմը 10 միլիոն շրջանառություն, թե 30 միլիոն շրջանառություն դարձնելը դեռ հստակեցված չէ: