տուն Հասարակություն Առողջապահություն «Շտապօգնություն» ՓԲԸ աշխատակիցների մեջ կան Covid-19-ով վարակվածներ

«Շտապօգնություն» ՓԲԸ աշխատակիցների մեջ կան Covid-19-ով վարակվածներ

282
0

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի մամուլի ասուլիսը:

Թեման` կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներն են:

Բանախոսը ներածական մասում խոսեց սահմանափակումներից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի աշխատանքների մասին: Նա նշեց, որ սահմանափակումների մեղմացումից հետո կանչերը չեն ավելացել: Բարձրացման տենդենց չի գրանցվել:

Ներածական խոսքից հետո Թագուհի Ստեփանյանը պատասխանեց նաև լրատվամիջոցների հարցերին:

«Մեր աշխատակիցներից 12 հոգի, ովքեր վարակված են կորոնավիրուսով, գտնվում են հսկողության տակ և մեկուսացման մեջ»,- ասաց տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Պարգևատրման մասին Թագուհի Ստեփանյանն ասաց, որ անցյալ ամիս քաղաքապետարանը պարգևատրել է առաջնագծի շտապօգնության բժիշկներին, վարորդներին ու բուժքույրերին: Պարգևատրումը շարունակական է լինելու:

Խնդիրների հետ կապված՝ Թագուհի Ստեփանյանը նշեց. «Առաջին խնդիրը եղել է բրիգադի աշխատակիցների անվտանգության հարցերի լուծումը: Ձեռք բերեցինք համապատասխան պարագաներ: Որպես այդպիսին՝ խնդիրներ չունենք»:

Մեքենաների սարքինության առնչությամբ էլ բանախոսն ասաց, որ Երևան քաղաքն սպասարկող մեքենաները, անսարքության դեպքում, շատ արագ բերվում են աշխատանքային վիճակի:

«Կորոնավիրուսի կասկածով շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են 2330 քաղաքացիներ: Դրանք այն հիվանդներն են, ովքեր ունեցել են շնչառական խնդիրներ»,- նկատեց Ստեփանյանը:

Բանախոսը պատասխանեց նաև այն հարցին, թե եղել են աշխատակիցներ, ովքեր հրաժարվել են սպասարկել կորոնավիրուսով հիվանդներին, և արդյոք նրանց հեռացրել են աշխատանքից:

Թագուհի Ստեփանյանը հաստատեց, որ ունեցել են աշխատակիցներ, ովքեր ռիսկերով պայմանավորված՝ հրաժարվել են աշխատել: ««Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրինությունը ըմբռնումով է մոտեցել խնդրին և վերջիններիս չի հեռացրել աշխատանքից»,- եզրափակիչ մասում ասաց տնօրենը:

Հայկ Մագոյան