«Այս պահին մենք տարբեր նախաքննական մարմինների վարույթում մի քանի քրեական գործեր ունենք՝ նախադեպը չունեցող ծավալներ ունեցող».
ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Ինչպես փոխանցում է Armtimes.com-ը, նա չցանկացավ անդրադառնալ վարչապետի մամուլի խոսնակի օրերս հրապարակած տվյալներին, որոնք առնչվում էին ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ասելով, որ իր գործառույթը չէ խոսնակի հայտարարությունները մեկնաբանելը, սակայն ասաց, որ կարող է տրամադրել այն տեղեկությունը, որը կա.
«Քրեական գործով ձեռք բերված նախնական տեղեկություններով՝ մենք փաստական տվյալներ ունենք, որոնց վերլուծությունը վկայում է 10, երբեմն նույնիսկ 15 տարի տեւական ժամանակ թաքցված եւ արտոնյալ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների վերաբերյալ: Այդ տնտեսական գործունեությունը իրականացվել է շուրջ 100 ֆորմալ առումով սուբյեկտների կողմից, եւ ձեռք են բերվել որոշակի օպերատիվ տեղեկություններ, ինչպես արդեն նշեցի, կա նաեւ որոշակի փաստական տվյալների վերլուծություն, որոնք վկայում են այդ գործունեությունը որոշակի 1-2 կենտրոնից ղեկավարված լինելու մասին, որովհետեւ սխեման այնպիսին է (նախնական եմ այս ամենը ասում), որ այդ գործունեության արտոնյալ հատվածը այլ կերպ, քան կազմակերպված եղանակով չէր կարող արվել»,- ասաց Դավթյանը:
Նա կրկնեց, որ մեր երկրում այս ծավալների քրգործեր երբեւէ չեն քննվել, համենայն դեպս, ինքը չի հիշում նման բան:
«Էս հարյուավոր ընկերութունների տնտեսական գործունեությունը, դրանց գործունեության գումարային շարժերը, ըստ էության, նաեւ առերեւույթ վկայում են, որ կազմակերպվել է այնպիսի եղանակով, որ երբեւէ մի օր դրա բացահայտման համար լրջագույն խոչընդոտներ ստեղծվեն»,- ընդգծեց գլխավոր դատախազը:
Հարցին՝ այսօր խոչընդոտնե՞ր կան դրանց բացահայտման իմաստով, Դավթյանը պատասխանեց, որ խոչընդոտները հենց իրենց գործունեության քողարկմամբ պայմանավսորված են:
«Այսօր լուրջ թիմային աշխատանք է իրականացվում նաեւ միջազգային համագործակցության ոլորտում, քրեադատավարական գործիքակազմի միջոցով մենք այդ բոլոր օպերատիվ տվյալները, այդ բոլոր փաստական տվյալները ստուգելու եւ արդյունքում դրանք հերքող կամ հավաստող տվյալներ ձեռք բերելու անհրաժեշտություն ունենք: Որ փուլում որ բավարար ապացուցողական բազա կհավաքվի, այդ փուլում կսկսվեն հետապնդումներ: Մենք առանձին դեպքերում հիմա էլ ունենք որոշակի անձանց նկատմամբ հետապնդումներ, ինչը վկայությունն է նրա, որ արդեն իսկ այդքան դրվագներով ապացուցողական բավարար հենք ապահովվել է»,- նկատեց դատախազը:
Հարցին, թե մասնավորապես ի՞նչ քրեական գործերի է վերաբերում իր ասածը, Դավթյանը պատասխանեց.
«Խոսքը վերաբերում է հարուցված քրգործերի, որոնց վերաբերյալ հրապարակումներ եղել են. մեկ-երկուսը դրանցից օրինակներով կարող եմ նշել: Հրապարակումներ եղել են նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետապնդման առիթով, Միքայել Մինասյանի նկատմամբ արդեն իսկ սկսվել է հետապնդում»: