տուն Հասարակություն Շոուբիզնեսը պետք է այլ ձեւով հարկվի. երգչի առաջարկը՝ ՊԵԿ-ին

Շոուբիզնեսը պետք է այլ ձեւով հարկվի. երգչի առաջարկը՝ ՊԵԿ-ին

331
0

Araratnews.amգրել էր, որ Պետական եկամուտների կոմիտեին շոուբիզնեսի աստղերը եւս պետք է հայտարարագիր ներկայացնեն:

ՊԵԿ-ի այս հայտարարությունը բոլոր ստեղծագործողների սրտով չէ, ավելին՝ ոմանք կարծում են՝ մեխանիզմը ճիշտ չէ:

Երգիչ, երգահան Գուժ Դուրգարյանը Araratnews.am ի հետ զրույցում ասաց, որ հաճախ երգիչը գումար է ծախսում տարվա սկզբին, իսկ եկամուտը ստանում տարվա վերջում կամ նույնիսկ մյուս տարի: «Օրինակ, եթե երգ է ձայնագրել, վճարել գործիքավորման, շոուի, տեսահոլովակի համար, իսկ եկամուտը ստանում է մեկ տարուց ուշ, երբ երգչին հրավիրում են համերգների, հարսանիքների, ակումբներում երգելու»,- մանրամասնեց ստեղծագործողը:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ Գուժ Դուրգարյանն առաջարկում է ՊԵԿ-ին հարկել շոուբիզնեսի ներկայացուցիչներին ոչ թե եռամսյակով, այլ տարով: Ավելին՝ ՊԵԿ-ը պետք է տեսնի ոչ միայն արտիստների շահույթը, այլեւ նրանց ծախսը, քանի որ կան արտիստներ, որոնք ավելի շատ ծախսում են, քան շահույթ ստանում: 

Երգիչը կարծում է, որ ՀԴՄ կտրոններ տալ ու պահանջելը պետք է վերաբերի նաև երգիչներին: Դիցուք, երգիչը պահանջի գործիքավորողից, ռեժիսորից իր ծախսերի կտրոնները: 

Ըստ երգչի՝ եթե ՊԵԿ-ն այս մեխանիզմով՝ շահութահարկով աշխատի, ապա  ձայնագրման ստուդիաները, ռեժիսորները եւ ոլորտի փոխկապակցված անձինք եւս հարկային դաշտ կմտնեն. ստիպված կլինեն տալ ՀԴՄ կտրոն: «Իսկ այս մեխանիզմով՝ եկամտահարկով, հեշտ է ստվերում մնալը: Դե թող ապացուցեն, որ հարսանիքում երգել ու գումար եմ աշխատել: Կասեմ՝ ընկերական եմ երգել: Այսպիսով՝ եկամտահարկ չեմ մուծի ու դուրս կմնամ հարկային դաշտից»,- ասաց մեր զրուցակիցը: 

Ի դեպ, մեկ հանգամանք եւս: Գուժ Դուրգարյանի խոսքով՝  երգիչները վճարում են նաև հեռուստաընկերություններին՝ իրենց տեսահոլովակները ցուցադրելու համար, սակայն մեծ մասամբ, երգչի խոսքով, հեռուստաընկերությունները այդ գումարը ստվերում են թողնում: Դա եւս, նրա համոզմամբ, պետք է ՊԵԿ-ը դիտարկի:

Սոնա Դավթյան