տուն Հասարակություն Շինարարներն անելանելի իրավիճակում են. խնդրանք՝ արդարադատության նախարարին

Շինարարներն անելանելի իրավիճակում են. խնդրանք՝ արդարադատության նախարարին

292
0

Հայաստանի տնտեսության առանցքային նշանակության ոլորտներից մեկը շինարարությունն է: Այս պահին, ըստ որոշ հաշվարկների, Հայաստանում կասեցված է 700 միլիոն դոլարի շինարարություն:

Բազմաթիվ տնտեսվարողներ իրենց շինարարական գործունեությունը ստիպված են եղել դադարեցրել դատական պրոցեսների մեջ ներգրավված լինելու պատճառով: Նրանցից շատերը, ունենալով շինթույլտվություն, նախագիծ,  կապալառու ընկերության հետ կնքած պայմանագիր և բանկերից ստացած երկարաժամկետ վարկեր, կանգնած են խնդրի առաջ:

Պարզ լինելու համար բերենք պատկերավոր օրինակ: Քաղաքացին բողոքում է, որ տվյալ շինարարական կառույցը խանգարում է իրեն: Շինարարություն իրականացնող մարմնի հետ չգալով համաձայնության՝ դիմում է դատարան: Եվ մինչև հարցի դատական կարգով լուծումը՝ տվյալ շինարարական կազմակերպությունը դադարեցնում է աշխատանքը, ինչը կարող է նույնիսկ տարիներ տևել:

Սրա հետևանքով շինարարություն իրականացնող մարմինը, որն ունի վարկային պարտավարություններ, բայց ստեղծված իրադրության պայմաններում չի կարողանում շարունակել իր աշխատանքը՝ իրավական արգելանքի պատճառով, կանգնում է անհաղթահարելի ֆինանսական խնդիրների առաջ:

Նմանօրինակ դեպքերը բավականին շատ են: Ստացվում է, որ մեկ քաղաքացու դատարան դիմելու արդյունքում տուժում են բազմաթիվ մարդիկ`շինարարներ, բանվորներ, բեռնափոխադրող ընկերություններ, տվյալ կազմակերպության ներկայացուցիչներ, ինչու ոչ` պետությունը:

Araratnews.am լրատվականի խմբագրություն խնդրանքով դիմել են մի շարք շինարարական գործունեություն իրականացնող տնտեսվարողներ, որպեսզի մեր միջոցով դիմեն կառավարությանը, այլ կերպ ասած` արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, որպեսզի վերջինս հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ: Մեզ դիմած շինարարներն ասում են, որ, օրինակ, եթե ներդրողը, որն ունի շինթույլտվություն, հատակագիծ և անհրաժեշտ գումար և առնվազն մեկ միլիոն դոլարի ներդրում է կատարում, ցանկանում է շենք կառուցել և ինչ-որ մի չարակամ հարևանի բողոքի պատճառով կասեցվել է շինարարությունը,  այս կամ այն կերպ հայտնվել են դատական գործընթացների մեջ, ինչի հետևանքով էլ դադարեցվել է նրանց գործունեությունը, օրենքով նախատեսված լինի, որ հարցի դատական որոշումը հրապարակվի առավելագույնը 30 աշխատանքային օրվա ընթացքում: Սա պետք է արվի նրա համար, որ շինարարությունը ոչ թե տարիներով կասեցվի, այլ ամենաշատը՝ մեկ ամսով: Պետք է ընդունեն նոր օրենք՝ նմանատիպ գործերն արագացված ընթացակարգով քննելու համար:

Շինարարները մեկ այլ պահանջ էլ են ներկայացնում: Եթե բողոքող քաղաքացու դիմումը դատարանը չի բավարարի, ապա շինարարական կազմակերպության՝ ամիսներ չաշխատելու հետևանքով  կրած վնասը կհատուցի դատարան դիմած քաղաքացին:

Նման օրենսդրական ակտով կլուծվեն մի շարք խնդիրներ: Անհարկի դատարան դիմողների թիվը զգալիորեն կնվազի, ինչպես նաև արդարացված կլինի տուժող կողմերի համար հավասար պայմանների ստեղծումը:

Այս օրենսդրական նախագծով մասամբ լուծում կստանա նաև աշխատատեղերի հարցը, մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող սոցիալ-տնտեսական վիճակը կմեղմանա, պետական բյուջեն հարկային տուրքի միջոցով կհարստանա, տեղի կունենա երկրի տնտեսության մեջ շինարարական ոլորտի զարգացում, ինչպես նաև որոշակիորեն կնվազի երկիրը լքել ցանկացողների թիվը` սոցիալական ռիսկերով պայմանավորված:

Հայկ Մագոյան