Մոտ մեկ ամիս առաջ շինարարական կազմակերպությունների գործունեության կասեցման հարցը բարձրացրել էինք, որպեսզի արդարադատության նախարարությունը հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ, և կարևորագույն խնդիրը լուծում ստանա:
Հոդվածի հրապարակումից մի քանի ժամ անց արդարադատության նախարարությունը արձագանքել էր, որ վարչական ակտերի կատարման կասեցման, այդ թվում՝ շինարարական թույլտվությունների կասեցման կապակցությամբ առաջացող հիմնախնդիրներին համակարգային լուծում տալու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պատրաստվել է մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթ, որը գտնվում է մշակման ավարտական փուլում և առաջիկայում կդրվի շրջանառության մեջ։
Հարցի քննարկումը հասավ կառավարություն:
Այսօր կառավարությունը նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնց կառավարությունը հավանություն տվեց:
ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ ներկայումս ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսված է մի կառուցակարգ, որի համաձայն՝ վարչական ակտի վիճարկման վերաբերյալ հայցադիմումը վարույթ ընդունելն ինքնին հանգեցնում է վարչական ակտի կատարման կասեցման։
Գրիգորյանը նշեց, որ խնդիրն առաջացավ շինարարական թույլտվությունների վիճարկումից, որի դեպքում շինարարություններն ավտոմատ կերպով կասեցվում են: Նա ընդգծեց, որ 400-500 մլն դոլարի շինարարական աշխատանքներ այս պահին կասեցված են:
«Ստացվում է, որ օրենսգրքի այդ դրույթի կիրառումը մի շարք դեպքերում հանգեցնում է վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող երրորդ անձանց կողմից իրենց դատավարական իրավունքների չարաշահման, իսկ վարչական ակտի հասցեատիրոջ համար առկա չէ իրավունքների պաշտպանության որեւէ միջոց: Վերջինս չի կարող միջնորդել կասեցումը վերացնելու համար»,- ասաց Գրիգորյանը:
Փոխնախարարը նկատեց, որ շատ դեպքերում այդ հայցերը անհիմն են եւ շատ հաճախ մերժվում են:
Այս նոր նախագծով առաջարկվում է նախատեսել վարչական ակտի հասցեատեր չհանդիսացողի համար բարենպաստ վարչական ակտի դատական կամ վարչական ձեւով վիճարկման դեպքում վարչական ակտի կատարումը չկասեցնել: Բացի այդ, մինչեւ հիմա նման հիմքով կասեցված վարչական ակտերի կասեցումը վերացվում է: Ինչպես նաև առաջարկվում է այդ հատվածը անհետաձգելի համարել, որպեսզի կասեցված շինարարական աշխատանքները վերսկսվեն։
Կառավարության ղեկավարն էլ շատ կարևորեց վերը նշված փոփոխությունները և հաստատեց, որ շինարարությունների սեփականատերերը բազմիցս դիմել են այդ հարցով: Վարչապետն ասաց, որ օր առաջ պետք է ընդունել նախագիծը:
Հայկ Մագոյան