տուն Քաղաքական Վերլուծական Շատ մտածենք, քիչ խոսենք. Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հետքերով

Շատ մտածենք, քիչ խոսենք. Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հետքերով

519
0

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած վերջին բանաձևը դարձել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական էական վերադասավորումների առիթ: Այո, ըստ էության հերթական առիթ, քան պատճառ, որովհետև նախընթաց իրադարձություններն ու համաշխարհային գործընթացները ոչ թե բխեցվել, այլ հանգել են դրան: Այդ համատեքստում, պետք է նոր զարգացումներ սպասել ինչպես հայ-ամերիկյան, հայ-ռուսական, այնպես էլ՝ ռուս-ադրբեջանական և թուրք-ամերիկյան հարաբերություններում…

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ու հարակից որոշումները, մի կողմից, ԱՄՆ օրենսդիր մարմնի ու այդ երկրի համար պատվաբեր քայլեր են, մյուս կողմից՝ Թուրքիային զսպելու քաղաքականության դրսևորում: Հարցի շուրջ ահա թե ինչպես են բաշխվում հայ որոշ վերլուծաբաների ու գործիչների կարծիքները համացանցային հարթակում:

«Ցավալի է, որ անմեղ զոհերի հիշատակը նորից դարձել է քաղաքական խաղերի մանրադրամ։ Հարյուր տարի է՝ ամերիկյան քաղաքական այրերը քննարկում են, իսկ հետո չեն քննարկում։ Զարթնում են, երբ իրենց պետք է, լռում են և իջնում ջրի հատակը, երբ պետք է սիրաշահել թուրքերին։ Ցեղասպանության ճանաչման հարցում պետք է մշակվի բոլորովին նոր ռազմավարություն և նոր պետական ու համազգային քաղաքականություն»,- կարծում է ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը:

Քաղաքագետի այս դիտարկման հետ անուղղակիորեն համամիտ է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նրա կարծիքով, այնքան էլ հաճելի չէ, երբ հայ ազգի ողբերգությունը օգտագործում են ինչ-ինչ շահերից ելնելով:

«Պետական ազգերը, կարծում եմ, տարբերվում են մնացյալից նրանով, որ կարողանում են վեր կանգնել զգացականությունից և առաջ մղել սեփական շահը։ Հրճվանքը կամ հուսախաբությունը շատ մարդկային են, բայց, ըստ իս, անընդունելի պետության մակարդակում, հետևաբար՝ մեր առաջնային խնդիրն այս պայմաններում պետք է լինի խիստ մասնագիտորեն հստակեցնել մեր շահերը և ձևակերպել դրանք առաջ տանելու մեխանիզմները»,- նշում է Վարդան Ոսկանյանը:

Քաղաքական այս առևտրի մասին, ի դեպ, ակնարկեց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ գրեթե բաց տեքստով քննադատելով Միացյալ Նահանգներին: Ակներև է, որ վերջին շրջանում սրվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները: Պատճառները շատ են, օրինակները՝ ևս, թուրքական զինուժի Սիրիա ներխուժելուց սկսած մինչև Սոչիում Էրդողանի և Պուտինի ստորագրած հուշագիրը:

«Իմ կարծիքով, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշումը հայերս պիտի ընդունենք հանգիստ, առանց ավելորդ էմոցիաների, ընդունենք ի գիտություն և գցենք համակարգիչ: Զուգահեռաբար, Հայաստանում ռուսական բազայում կենդանի ուժի թվի կրկնապատկման մասին լուրերն էլ պիտի ընդունենք առանց էմոցիոնալ կոմենտների, ընդունենք և գցենք համակարգիչ: Շատ մտածենք, քիչ խոսենք»,- այս համոզմանն է ԱՄՆ-ում բնակվող անվանի հոգեբույժ, արձակագիր, էսսեիստ Վարդգես Դավթյանը:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական և ռուս-ադրբեջանական հարաբերություններին, ապա վերջին շրջանում բավականին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Ռուսական լրատվամիջոցները պարբերաբար տեղեկացնում են ՌԴ-ում ակտիվացած հանցավոր խմբավորումների և հակառուսական տրամադրությունների մասին, որոնք, փաստորեն, խրախուսվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, տարբեր տրամաչափի գործիչների և մեդիառեսուրսների միջոցով: Մինչդեռ Հայաստանի հետ Ռուսաստանի դաշնակցությունը վերջին օրերին նոր իրողություններ է սահմանում, այդ թվում՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայաստանյան այցի և ռազմական գերատեսչությունների մակարդակով գործակցության ծրագրի ստորագրման շրջանակներում: Սրան զուգահեռ, Մոսկվան ջերմացնում է նաև հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչը նշանակում է, որ Անկարա-Բաքու տանդեմը դեռ հակակշիռ է ստեղծում ռուս-հայկական հարաբերությունների ֆոնին:

Դատելով այս ու այլ գործընթացներից՝ իսկապես պետք է սթափ լինել և ցանկացած սցենարի համար ունենալ համազգային ու պետական ռազմավարություն՝ Ցեղասպանության մասին ռոմանտիկ պատկերացումները փոխարկելով քաղաքական արդյունավետ քայլերի…

Արա Ալոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here