«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այսօր ԱԺ-ի ամբիոնից անդրադարձել է հինգ ամիս առաջ ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի կողմից արված բացահայտումներին։ Պատգամավորը չի մոռացել նաև, որ խորհրդարանից Իշխան Զաքարյանը կանչվել էր նախագահական, որտեղ ենթարկվել է բավականին կոշտ քննադատության, և այսօր այդ անձը նորից ներկայացվում է խորհրդարանին՝ վերանշանակվելու համար։ «Շատ անդուր իրավիճակ է՝ ինչպես մեզ համար, հանրության համար, այնպես էլ պարոն Զաքարյանի համար՝ մի թատրոնից հետո ականատես լինել մեկ այլ թատրոնի շարունակության»,- հայտարարել է Փոստանջյանը՝ հավելելով, որ բոլորը գիտեն, որ պետբյուջեի 700 մլրդ դրամը թալանվել է, և դրա ապացույցը պետական բարձրաստիճան պաշտոնյաների օրեցօր աճող հարստությունն ու առանձնատներն են։ «Որտեղի՞ց նրանց այդ գումարները, հարստությունը, իհարկե, դա պետական թալանի հետևանք է»,- ասել է նա։
«Ժառանգության» պատգամավորը նշել է, թե իրենք գիտեն, որ բոլոր բացահայտումները ճշմարիտ են, բայց գիտեն նաև, որ դրանք համաձայնեցված են եղել Սերժ Սարգսյանի հետ։ «Դուք շատ լավ ցուցադրություն արեցիք ԱԺ-ում, բայց հետո ինչ-որ բան տեղի ունեցավ, և այդ խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը ձեզ սխալ հանեց։ Եթե դա քննարկում էր, ապա դա չպետք է լիներ մոնոլոգի տեսքով, և դուք պետք է արձագանքեիք և փաստարկներ ներկայացնեիք։ Փաստորեն, քննարկում չէր, ուղղակի հավաքվել էին և կանչել էին ձեզ՝ ասելու, որ դուք սխալ եք»,- նշել է Զարուհի Փոստանջյանը և ավելացրել․«Այդ 7 թիվը Սերժ Սարգսյանին դուր չի գալիս, երևի դրա համար էր զայրացել, երևի պիտի 900 մլրդ ասեիք․․․»։ Դիմելով Իշխան Զաքարյանին՝ Զ․Փոստանջյանն ասել է․ «Դուք պետք է համարձակություն գտնեիք, թքած ունենայիք առանձնատան ներդրումների վրա և ասեիք, որ չեք ցանկանում առաջադրվել, որովհետև այն, ինչ դուք ներկայացրել էիք, իրականություն էր, որի հետևից պետք է գնայիք»։
Զարուհի Փոստանջյանն իր ելութի վերջում հայտարարել է, որ «Ժառանգությունը» «դեմ» է քվեարկելու Իշխան Զաքարյանի թեկնածությանը՝ նշելով, որ «դեմ»-երը պետք է հրապարակային դարձնել, քանի որ «դեմ» քվեաթերթիկները կեղծվում են։
Էմմա Պալյան