Խոհարարական արվեստը ոչ միայն համեղ կերակուրների, հնարամիտ ձևավորումների և այլնի խորհուրդ ունի, այլ նաև խոհի, խորհելու ազգային-գեղագիտական նշանակություն: Ստամոքսի պահանջները բավարարելու համար էլ գիտելիք և խելք է պետք, ինչպե՞ս ճիշտ սնվել, ի՞նչից խուսափել և ինչպե՞ս Ամանորը դարձնել իսկապես լիարժեք տոն, այդ թվում՝ ախորժելի ուտեստների ուղեկցությամբ: Այս ու այլ հարցերի շուրջ Araratnews.am-ը զրուցել է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ –ի նախագահ, Սեդրակ Մամուլյանի Խոհարարական Ստուդիայի հիմնադիր, Մեգերյան Կարպետ-ի շեֆ-խոհարար Սեդրակ Մամուլյանի հետ:
Բոլորը սովոր են, որ իրենց համար ախորժելի ուտեստներ պատրաստի և կերակրի Սեդրակ Մամուլյանը: Բայց մեզ հետաքրքիր է, թե ո՞րն է ձեր մանկության տարիների ամենանախընտրելի կերակուրը: Միգուցե այն այսօր էլ գերադասելի է կամ օգտագործում եք ձեր խոհարարական գործունեության մեջ:
Խաշիլն է, որը օգտագործում եմ մինչ օրս, թե՛ տանը, թե՛ աշխատավայրում:
Ձեր կարծիքով, շա՞տ բան է փոխվել Ամանորին մատուցվող կերակուրների մեջ:
Ավանդական, ծիսական կերակրատեսակներից շատ բան է փոխվել, որը շատ ավելի ծախսատար է եւ միեւնույն ժամանակ առողջությանը վնաս:
Այդ դեպքում, ի՞նչ օգտակար խորհուրդներ կտաք մեր ընթերցողներին, ինչպիսի՞ սնունդ և ի՞նչ չափաբաժնով ընդունել Նոր Տարվա օրերին:
Արդեն վերջին 15 տարին մեր կազմակերպությունը ամեն առիթով հանդես է գալիս կոչով, բոլոր տոներին օգտագործել տոնածիսական կերակուրներ:
Պարոն Մամուլյան, իսկ կա՞ մի ուտեստ, կերակրատեսակ, որ ինքներդ ստեղծել եք հենց Ամանորի առթիվ:
Իմ աշխատանքային պրակտիկայում ստեղծել եմ հարյուրավոր կերակրատեսակներ, սակայն կդժվարանամ նշել, թե դրանցից որն է Ամանորյա:
Ինչպե՞ս էր տարին Ձեզ համար, ի՞նչ կարևոր նախաձեռնություններ իրականացրեցիք, ի՞նչ նոր ծրագրեր ունեք ապագայի համար:
Տարին շատ արդյունավետ էր, հուշագիր ստորագրեցինք Վրաստանի եւ Ռուսաստանի խոհարարական ասոցիացիաների հետ համատեղ միջոցառումներ իրականացնելու շուրջ, իրականացրինք 3 խոհարարական համահայկական միջոցառումներ, բազմաթիվ երկրներում ներկայացրեցինք հայկական խոհանոցը, ստեղծվեց ռեստորանային սպորտի ֆեդերացիա, որը անդամակցեց համաշխարհային ֆեդերացիային եւ այսուհետ մասնակցելու ենք աշխարհի առաջնություններին:
Խոհարարական արվեստը նաև խոհի, խորհրդածությունների իմաստ ունի, չէ՞ որ խոսքը միայն ստամոքսը լցնելու և կշտանալու մասին չէ: Ո՞րն է մեր սիրելի խոհարարի գլխավոր մաղթանքը:
Ամանորին պատրաստվում են հետեւյալ ծիսական կերակուրները` Նավասարդի հարիսա (քաշիկա), տարեհաց, կճախաշ, անուշապուր, աղանձ, չրեր, տոլմա, ղափամա, ասիլիկ-վասիլիկներ, հալվա եւ այլն:
Մաղթանքս այն է, որ ձևավորենք սնվելու մշակույթ, ազգային խոհանոցի մասին խոսելիս լինենք ուշադիր եւ Ազգային խոհանոցը որպես ազգային մշակութային ոչ նյութական ժառանգություն ընկալելի դարձնենք մեր հասարակությանը եւ շատակերությունը զատենք համադամասեր լինելուց:
զրուցեց Արա Ալոյանը