Երեկ Երեւանի կենտրոնում Շանթ Հարությունյանի կազմակերպած «Հեղափոխական պայքարը» վերածվեց բենզինի շշերի հեղափոխության, որն էլ ավարտվեց ձերբակալություններով: Եղան մարդիկ, այդ թվում` ոստիկաններ, որոնց տեղափոխեցին հիվանդանոց: Այս հարցի շուրջ Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ:«Մեր երկրի վերջին տարիների ձեռքբերումներից է քաղաքացիական դիրքորոշում ունեցող, իր իրավունքների, պետության ապագայի համար պայքարող, այս իրավիճակին չհարմարվող, օր օրի ավելացող՝ հատկապես երիտասարդ մարդկանց առկայությունը: Այսօր կացությունը և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության մեջ այնպիսին է, որ դժգոհության տարատեսակ դրսևորումներն անխուսափելի են»,- ասել է Աղվան Վարդանյանը` հավելելով, որ թերևս դրանցից մեկն էլ նոյեմբերի 5-ին մայրաքաղաքի կենտրոնում կատարվածն էր:ԱԺ պատգամավորն ասել է, որ ՀՅԴ-ի համար անհեռանկարային են անկազմակերպ, անընդունելի մեթոդներով այդօրինակ գործողությունները:«Չբացառելով նաև հնարավոր սադրանքի տարրերը՝ գտնում ենք, որ այդ ճանապարհը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել: Հասարակությունը պետք է ինքնակազմակերպվի և համակարգային բարեփոխումներ պարտադրի իշխանություններին բացառապես սահմանադրական ուղիներով: ՀՅԴ-ն այս առումով իր մոտեցումները շարադրել է յոթ կետանոց ծրագրի տեսքով: Մենք աշխատել ու աշխատելու ենք այդ ուղղությամբ՝ մշտապես ապավինելով գիտակից, կազմակերպված, պետության ճակատագրով մտահոգ քաղաքացիներին»,- նշել է Աղվան Վարդանյանը:
Էմմա Պալյան