Այսօր ԱԱԾ-ի շենքի առջեւ Շանթ Հարությունյանի եւ մյուս կալանավորվածների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիները նշեցին, որ ամեն առիթ օգտագործելու են, որպեսզի մարդկանց հիշեցնեն, թե ով է Շանթ Հարությունյանը, ում իր գաղափարների համար են նստեցրել:
«Շանթը քաղբանտարկյալ է: Մենք, պահանջելով Շանթի ազատությունը, չենք կարող չասել նաեւ, թե ինչ էր նա պահանջում եւ ինչ ազատություն էր ուզում»,- ասում է ակցիայի մասնակից Վրեժ Զատիկյանը, վեր պարզելով ձեռքի ցուցանակը՝ «Ոչ Մաքսային Միությանը»:
Ակցիային ներկա քաղաքական վելուծաբան Արգիշտի Կիվիրյանը նշում է, որ Շանթ Հարությունյանի քաղաքական ընդվզումը ցույց տվեց, որ երկրում առկա են բազմաթիվ խնդիրներ:
«Ռեժիմը փոխանակ պատասխանի այդ առաջադրված հարցերին, ինքը իր համար գտավ լավագույն լուծումը՝ այդ պահանջները առաջադրողին հայտարարել գիժ: Այսօր իրենք գնում են այդ ուղով, եւ մենք գիտենք, որ սա հայկական իրականության եւ սովետական իրականության մեջ ծանոթ ձեռագիր է: Այլախոհների նկատմամբ հաշվերհարդար տեսնել` նրանց հայտարարելով գիժ»,-ասում է Կիվիրյանը:
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ Շանթ Հարությունյանը պետք է ազատ արձակվի, քանի որ նրան իր «արդար պահանջների» համար են նստեցրել եւ նա բացարձակ չունի հոգեկան խնդիրներ:
Լիլիթ Առաքելյան