տուն Քաղաքական Հայաստան Շաբաթվա ստերը. 22-28 հունիսի

Շաբաթվա ստերը. 22-28 հունիսի

354
0

Վերջին շրջանում համացանցում ապատեղեկատվության պակաս չի զգացվում։ Այն կայծակնային արագությամբ տարածում է գտնում, իսկ հանրությունը՝ բանից անտեղյակ, նույնիսկ չի փորձում պարզել լուրի իսկությունը, սկզբնաղբյուրը և ամեն ինչ հալած յուղի տեղ է ընդունում:

Եվ այստեղ հարց է առաջանում`գուցե ձեզ խաբո՞ւմ են…

Հոգ չէ: Araratnews.am լրատվականը այս շաբաթ էլ հետևել է տեղեկատվական դաշտում տարածվող լուրերին, պարզել դրանց իսկությունը, վեր հանել ստերը:

Անցնող շաբաթվա ստահոդ հայտարարություններից առանձնացրել ենք հետևյալները`Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, իբր երկար տարիներ համաֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը, իսկ ներկայիս պատգամավոր Հայկ Գևորգյանը կապ է ունեցել այս գործընթացում: Անդրադարձել ենք նաև ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի անվան շուրջ պտտվող ստահոդ տեղեկություններին, ինչպես նաև նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն հայտարարարություններին, իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնած աշխատատեղերի մասին տեղեկությունները իրականության հետ աղերս չունեն:

#սուտ

Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ երկար տարիներ համաֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը: Մինասյանը իր տեսաուղերձի ընթացքում խոսել է նաև պատգամավոր Հայկ Գևորգյանի մասին, որը ժամանակին աշխատել է «Հայկական ժամանակ»-ում և սպառնացել է Մինասյանին, որ եթե վերջինս չհամաֆինանսավորի, թերթում կհայտնվի հոդված` Մինասյանի դստեր մասին: Սերժ Սարգսյանի փեսան տեսաուղերձում հայտարարել է նաև, որ ինքը գործարքի մեջ է մտել և համաֆինանսավորել է օրաթերթը, որպեսզի վերջինս հանգիստ թողնի իր ընտանիքը:

#Ճիշտ

Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Հայկ Գևորգյանը հերքել է Մինասյանի այս հայտարարությունը. «Միանշանակ հերքում եմ։ Ես, ճիշտն ասած, սպասում էի, որ ինձ կմեղադրի կամ իմ վրա բանսարկություններ կսարքեն, ասենք, ատոմակայանն է վերցրել, բաշխիչ ցանցերն է վերցրել։ «Հայկական ժամանակում» գիտեք ինչքան նյութեր են եղել հենց կոնկրետ Միքայել Մինասյանի մասին, նրա գործունեության մասին»։

Իսկ իր և Մինասյանի հանդիպման հետ կապված՝ Գևորգյանը նշել է, որ լրագրող աշխատած ժամանակ նրան հանդիպել է մի քանի անգամ, բայց Սարգսյանի փեսան նույնիսկ հրաժարվել է հարցազրույց տալ:

#սուտ

Լրատվամիջոցներից մեկում կեղծ տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե իբր Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ներգործությամբ կապ ունի ԼՀԿ-ի երեք անդամների և Սերժ Սարգսյանի միջև կայացած հանդիպման հետ:

#Ճիշտ

Պատգամավոր Արման Բաբաջանյանը այս առնչությամբ հանդես էր եկել տեսաուղերձով և պաշտոնապես հերքել այս տեղեկությունները.

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ անվան հետ կապված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ստոր արարք է, քստմնելի արարք է: Ինձ շատ պարզ է, թե որ շրջանակներից է տեղի ունեցել այս արտահոսքը: Եվ ինձ համար չափազանց պարզ է, թե իմ անելիքները որոնք պետք է լինեն այդ քաղաքական դաշտից դուրս շպրտված դուսպրծուկների հետ:

Ես իհարկե հավատում եմ իմ ժողովրդի ողջախոհությանը: Ես որ որևէ կերպ  չէի կարող նման տեղեկություն տարածել, որովհետև ի սկզբանե առնչություն չեմ ունեցել տարածված տեղեկության հետ: Ես հասկանում եմ, թե ինչու է այդ քաղաքական խմբակի տրամադրությունները արդեն մի քանի օր խառնվել իրար: Կարող եմ ըմբռնումով մոտենալ այն վախճանին, որը բոլորիս աչքի առաջ է»,- իր խոսքի եզրափակիչ մասում մասնավորապես ասել էր Արման Բաբաջանյանը:

#սուտ

Նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որն աչքի է ընկնում գործող իշխանության նկատմամբ անհանդուրժող և քննադատող վարքագծով, անցնող շաբաթվա ընթացքում իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ աշխատատեղերը վերականգնման գործընթացի մեջ են:

Բագրատյանը մասնավորապես գրել է.

«Արա դե վարչապետ ունենք, աշխարհը չունի։ Ազնիվ, շիտակ, գյուղի անապակ առվի ջրի պես։ Մարդն ինչ է ասում. ապրիլին 71.4 հազ աշխատատեղ փակվել էր, մեծ մասը արդեն բացել ենք, դե հիմա շուտով երևի կամ …. ՆՓ-ն ի՞նչ իմանար, որ վիճակագրական ծառայությունը 2020-ի հունվար-ապրիլի համար գրանցել էր գործազրկության անկում 6.1% (համաշխարհային ռեկորդ է)։ — 64651 մարդուց (2019թ) այն իջել էր 60708-ի:

Այսինքն 71.4 հազ. աշխատատեղ ե՞րբ էր փակվել որ։ Աշխատատեղերն ավելացել էին….Բա այ սենց էլ աշխատում են։ Սենց էլ կորոնավիրուսի դեմ է պայքարում՝ ազգը կոտորելով»։

#Ճիշտ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվի նախագահ Բաբկեն Թունյանը, պատասխանելով Հրանտ Բագրատյանին, հանրության շրջանում առաջացած կասկածները ցրելու նպատակով իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել.

«Պարոն Բագրատյան, պաշտոնապես գրանցված գործազուրկների թվի փոփոխությունը ինչո՞ւ եք ներկայացնում որպես գործազրկության մակարդակ։ Կամ այս տվյալները ո՞նց են հերքում վարչապետի ասածը։ Ախր ով՝ ով, դուք հո վիճակագրական ցուցանիշներին տիրապետում եք։ Իսկ թե ինչու եք անում՝ Դուք կիմանաք…

Պարոն Բագրատյան, գրել եք «վիճակագրական ծառայությունը 2020-ի հունվար-ապրիլի համար գրանցել էր գործազրկության անկում 6.1%»: Վիճկոմիտեն նման բան չի գրանցել։

Հետաքրքիր է, որ համարելով Ձեզ լուրջ «տնտեսագետ», որոշ մարդիկ կարդում են ու հետևություն անում, մի հատ էլ չեն խորշում ու մեկնաբանում են, որ վարչապետը հրապարակայնորեն սուտ է ասել։ Պարոն ՀԲ տնտեսագիտության առաջին կուրսի ուսանողներն էլ գիտեն, որ Վիճակագրության կոմիտեի կողմից հրապարակվող ցուցանիշներում ներառվում են շատ այլ կատեգորիայի մարդիկ, որոնք ըստ ՀՀ օրենսդրության՝ համարվում են զբաղվածներ։ Օրինակ՝ գյուղատնտեսությամբ զբաղվողները, որոնք հարկային հաշվառման չեն ենթարկվում։ Վարչապետի հայտարարածը ՊԵԿ կողմից գրանցված աշխատողների մասին է, որոնք ստանում են աշխատավարձ և վճարում են հարկեր։ Եթե սրա մասին չգիտեք, ցավալի է, եթե գիտեք, իսկ ես վստահ եմ, որ գիտեք, ու մանիպուլյացիայով եք զբաղված, ասելիք չկա»:

Մեր երկրում տեղի ունեցող իրավական, քաղաքական գործընթացները ավելի են ակտիվացրել ապատեղեկատվական բանակները: 

Հիշելով ժողովրդական հայտնի՝ քառասուն օրվա մասին ասացվածքը, հարկ եմ համարում ևս մեկ անգամ ասել, որ տեղեկատվական ամենաթողությունն ու ստահոդ լրատվությունը կարճ կյանք են ունենալու: Իսկ մինչ այդ շարունակելու ենք ամենայն պատասխանատվությամբ և ուշադրությամբ հետևել տեղի ունեցող իրադարձություններին և ջրի երես հանել իրական լուրերը` իրական փաստեր ներկայացնելով ընթերցողներին:

Հայկ Մագոյան