Գեղամ Ասլամազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հետևելով Արարատում երեկ կայացած ԲՀԿ-ՀՀԿ հանրահավաքային շոուներին, նորից հիշեցի, թե ինչ զզվանք էի ես ապրում խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ հատկապես այս երկու կուսակցությունների պահվածքից, որը ներծծված էր ստով, ցինիզմով ու կոռումպացվածությամբ:
Մի կողմից՝ ՀՀԿ-ն էր ի դեմս Հովիկ Աբրահամյանի ամպագոռգոռ հայտարարություններ անում ու խոստումներ տալիս, մեկ էլ նախազգուշացնում, որ կեղծ խոստումների չհավատան, և դա անում էր այնպես, ասես նույն ՀՀԿ-ն չէ Արարատի մարզի ու ողջ Հայաստանի հերն անիծում արդեն տարիներ շարունակ:
Մյուս կողմից՝ ԲՀԿ-ն էր ի դեմս Ծառուկյանի «ժողովրդեի հետ, ժողովրդի համար» արդեն հնացած երգը երգում ու կոչ անում չերկնչել ու չտրվել վախին:
Զավեշտալի է, այդպես չէ՞: Նույն մեդալի երկու հակառակակ կողմերը լրջով մրցակցում են միմյանց հետ, իսկ ժողովրդին այն աստիճան չքավորության են հասցրել, որ ժողովուրդը չի էլ հասկանում, ասես, որ իրականում ոչ ՀՀԿ-ի թեկնածուի ընտրության հարցում է որևէ լավ բան լինելու իրենց, ոչ էլ՝ ԲՀԿ-ի:
Ավելի ճիշտ, շատերը հասկանում են, դրա համար էլ ուզում են մինչև ընտրությունները մարդա գոնե մի բան պոկեն իրենց համար:
Ու իզուր էր այդպես նեղանում Նաիրա Զոհրաբյանը՝ իմանալով, որ Հովիկ Աբրհամյանը կոչ է արել չհավատալ սուտ խոստումների, որովհետև թող Զոհրաբյանը հիշեցնի, թե ԲՀԿ-ն խորհրդարան մտնելուց հետո իր խոստումներից քանի՞սն է կատարել, կամ գոնե հիշեցնի, թե քանի՞ դեպք է եղել, երբ իրենց խմբակցությունը լրջով հակադրվել է ՀՀԿ-ին: Այնպես որ, ճիշտ է Հովիկ Աբրահամյանը, երբ ասում է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հավասարապես կիսում են հաջւողությունների (մենակ թե չմանրամասնեց, թե էդ ինչ հաջողության մասին է խոսքը) և անհաջողությունների (այ էս մեկից ինչքան ուզեք՝ կա) պատասխանատվությունը:
Հ.Գ. Ի դեպ, տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է Ծառուկյանը մոտեցող մարդկանց ընտրությունից հետո փող ու աշխատանք խոստանում: Ոչ թե ինչ-որ տրիբունայից հնչած խոստումների մասին է խոսքը, որը ուղղված չէր լինի կոնկրետ ինչ-որ մեկի, այլ միտինգից հետո իրեն մոտեցող մարդկանց: Հիմա դա ընտրակաշառք չէ՞…