տուն Հասարակություն Նոր մանրամասներ՝ Լոռու մարզում 3 հոգու կյանք խլած ողբերգական ավտովթարից

Նոր մանրամասներ՝ Լոռու մարզում 3 հոգու կյանք խլած ողբերգական ավտովթարից

247
0

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչները ոստիկանության Լոռու մարզային վարչության և նույն վարչության Թումանյանի ոստիկանության բաժնի ծառայողները պարզել են նոյեմբերի 25-ին Լոռու մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորի ինքնությունը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է՝ մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչներ՝ 47-ամյա Արմիկ Պառավյանը, 42-ամյա Համլետ Ջուլհակյանը և 37-ամյա Անուշավան Թութխալյանը։ Վիրավորը, ով Սանավիացիայով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արսեն Ջիլավյանն է։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջինս Վանաձորում համարվում է քրեական պատմությունների կիզակետում հայտնված անձ, ով վերջերս Վանաձորում մի խումբ անձանց հետ անհիմն վիճաբանել ու ծեծկռտուք էին ստեղծել Վանաձորում հայտնի «Պեսոկ Դավո» մականվամբ Դավիթ Խաչատրյանի հետ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 25-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 23:50-ի սահմաններում Օձուն-Հագվի ավտոճանապարհին Mercedes ML մակնիշի 85 ZM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գահավիժել անդունդը:

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էին, 1 հոգու ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին Ալավերդու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ մարզային փրկարարական վարչության պետ, Սերոբ Գաբրիելյանի և Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ:

Մահացածների մարմինները ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել էին ավտոմեքենայից դուրս և պատգարակով, մեծ դժվարությամբ դիերը մոտեցրել էին օպերատիվորեն ժամանած Ալավերդու բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներին: