տուն Քաղաքական Վերլուծական Նոր կուտակայինով «մաքուր» աշխատավարձը կարող է չնվազել մինչև 2017թ.

Նոր կուտակայինով «մաքուր» աշխատավարձը կարող է չնվազել մինչև 2017թ.

409
0

կուտակային-կենսաթոշակ

Կենսաթոշակային կուտակային համակարգի փոփոխված տարբերակը, որն առաջարկել է կառավարությունը, ենթադրում է, որ 1974թ. հետո ծնված և մասնավոր հատվածում աշխատողները առաջիկա 3 տարիներին ընդհանրապես կարող են համակարգին մասնակցություն չունենալ: Սակայն 2017թ. հունվարի մեկից 5%-ով մասնակցությունը նրանց համար լինելու է պարտադիր: Պարզապես այդ պարտադրանքը այժմ տրված է «նպատակային սոցիալական վճար» ձևակերպմամբ:

Ընդ որում` 1996թ. հետո ծնվածները, ովքեր աշխատանքի են անցնում այս տարվանից սկսած, պարտադիր պետք է մասնակցեն համակարգին: Համակարգին պարտադիր մասնակցում են նաև 1974թ. հետո ծնված և պետական հատվածում աշխատողները, միայն թե` այս տարվա հուլիսի 1-ից` այն պահից, երբ նրանց աշխատավարձը կաճի: Այսինքն` նրանց «մաքուր» աշխատավարձը չի նվազի:

Ազգային ժողովում երեկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած հիմնական փոփոխությունները, ըստ էության, սրանք էին: Կան, սակայն, ևս մի քանի կարևոր դրվագներ:

1. Կենսաթոշակային կուտակային համակարգը, որպես մոդել, Հայաստանում գործելու է: Այսինքն` աշխատողների համար լինելու են անհատական հաշիվներ, որոնց վրա գումարներ են փոխանցվելու, և որոնք ինչ-որ ժամանակ հետո կենսաթոշակի տեսքով տրվելու են քաղաքացիներին:

2. Բացի պետական ծառայողներից, համակարգը այս տարվա հուլիսի մեկից պարտադիր է լինելու 1974թ. հետո ծնված այն մարդկանց համար, ովքեր վարձու աշխատողի կարգավիճակ ձեռք են բերում այս տարվա հուլիսի մեկից հետո, ովքեր անհատ ձեռնարկատեր են և ովքեր նոտարի կարգավիճակ են ձեռք բերել 2014-ի հուլիսի մեկից հետո: Այսինքն, ըստ էության, եթե մարդը փոխում է առաջիկա 3 տարում իր աշխատատեղը, ապա նա ստիպված է լինելու մասնակցել համակարգին:

3. Առաջարկվում է սահմանել 500 հազար դրամ աշխատավարձի շեմ, որից ավելիի դեպքում սոցվճար չի կատարվելու, այսինքն՝ առավելագույն սոցվճարը բոլորի համար լինելու է 25 հազար դրամ՝ կախված աշխատավարձի չափից:

4. Նվազագույն աշխատավարձ ստացողները, նաև` պետական համակարգում, մաքուր աշխատավարձի կորուստ չեն ունենա:

5. Համակարգին մասնակցածները 55 և բարձր տարեկանում կարող են հրաժարվել այլևս նպատակային վճարումներ կատարելուց, եթե նրանց հաշվին կա այնքան գումար, որ բավարար է՝ ցմահ ստանալու համար ամսական հիմնական կենսաթոշակի հնգապատիկի չափով կենսաթոշակ:

6. Մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվի գումարներն ամբողջությամբ միանվագ կարող են տրվել ժառանգներին:

7. Եկող տարի մասնավոր կազմակերպությունների այն աշխատողները, ում համար այս տարվա հունվարի 1-ից 5%-ի պահումներ արվել են, կարող են հետ ստանալ իրենց գումարները:

Այսպիսով, կատարված փոփոխությունները, թեև այս պահին ոչ մի աշխատողի մաքուր աշխատավարձը չեն նվազեցնում, սակայն չեն փոխում նաև կուտակային կենսաթոշակային մոդելի հիմնական բնութագրիչները:

 

Հրայր Մանուկյան