Նոր կառավարությունում բոլոր վարպետ ավազակներ են, որոնք տարբեր տեղերում դիզեցին, դիզեցին, դիզեցին ու եկան նախարար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:
«Կոնկրետ եմ ասում՝ Խաչատրյան Գագիկը դարձավ ֆինանսների նախարար, կամ Երվանդ Զախարյանը: Կարող է նրանք լավ կառավարիչներ են, բայց նաև շատ անազնիվ մարդիկ են: Իշխանությունը՝ վերարտադրվելու համար այդպիսի պահանջարկ է ներկայացնում: Ինչպես տեսնում եք իրենց միջից չունեն նոր մարդիկ, իսկ սրանք փորձված են, ծառայություններ են մատուցել, ընտրությունների ժամանակ կեղծել են, լիքը փող են ներդրել: Իրենք դա ապացուցել են, եւ հեշտ չէ իրենցից ազատվելը: Իրենք պարտք են այս մարդկանց, չէ որ նրանց շնորհիվ են ընտրությունները կեղծվել ու կայացել»,-ասում է Բախշյանը:
Նոր նշանակված նախարարներից տիկին Բախշյանը, քիչ թե շատ դրական է գնահատում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:
«Եթե պարոն Աշոտյանը իսկապես մի կողմ դներ կուսակցական գործունեությունը եւ ուսումնական հաստատությունները կարողանար զերծ պահել կուսակցական քարոզչությունից, ապա ինքը շատ լավ նախարար կլիներ: Եղածների մեջից էլի լավը ինքն է»,-հավելեց Բախշյանը: