Նոր դրոշմապիտակները հնարավոր չէ լինի ամբողջությամբ եւ առանց վնասելու պոկել, դրանք ավելի ամուր են կպչում ապրանքներին, եւ, եթե նույնիսկ պոկվեն ու երեխաները կուլ տան, ապա առողջությանը վտանգ չի սպառնա:
«Վարչապետի հանձնարարությամբ՝ Պետական եկամուտների կոմիտեն ձեռնամուխ է եղել նոր որակի դրոշմապիտակների ձեռքբերման աշխատանքներին: ՊԵԿ նախագահի հրամանով փոխվել են դրոշմապիտակների տեխնիկական բնութագիրն ու որակը: Առաջին փուլով դրոշմապիտակների պոլիէթիլենային թաղանթի հաստությունը 50 միկրոնից նվազեցվել է մինչեւ 36 միկրոնի»,- նշել է ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գեւորգյանը:
Նոր դրոշմապիտակները պատրաստված են թղթային հիմքով եւ չեն պարունակում պոլիմերային թաղանթ: Օգտագործվող նյութերն ու սոսինձը կիրառվում են սննդամթերքի պիտակների արտադրության մեջ, չեն պարունակում քաղցկեղածին նյութեր եւ թունաքիմիկատներ: Դրոշմապիտակը բաղկացած է բազմակի պաշտպանիչ շերտերից, պարունակում է բարձր պաշտպանվածությամբ օժտված հոլոգրաֆիկ թափանցիկ շերտ: