Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում ապրում է 1870 մարդ: Համայնքի ղեկավար Գրիշա Թադևոսյանի խոսքով՝ դեպի Երևան և հարևան Աբովյան քաղաք տանող տրանսպորտը բավական լավ է աշխատում: Մարդիկ այստեղ հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ: Գյուղի երեխաները հաճախում են հարևան Սոս գյուղի մանկապարտեզ: Իսկ դպրոցի շենքը երրորդ կարգի վթարային է: Գյուղապետարանը դիմել է կառավարությանը՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարման ժամանակ: Նրանց դիմումն այդ ժամանակ մերժվել է: Հիմա համայնքի ղեկավարը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ նախագահին՝ խնդրին լուծում տալու ակնկալիքով:
«Գիտաառևտրական միավորման մասնաճյուղ կար մեր գյուղում, դա լուծարվել է, բայց շենքը մնում է: Այդ շենքը պատկանում է գույքի կառավարման նախարարությանը, որը պայմանագրերը տվել է գյուղնախարարությանը: Չգիտեմ՝ վարձակալության հիմունքներով է տվել, թե առժամկետ օգտագործման հիմքերով»,- ասում է Գրիշա Թադևոսյանը:
Araratnews.am-ի հետ զրույցում Գ. Թադևոսյանը նշեց, որ այդ շենքը բավական հարմար է որպես դպրոց օգտագործելու համար:
Գյուղում հիմնական խնդիրը աշխատանքի հարցն է: Չնայած առկա խնդիրներին, համայնքի ղեկավարը գտնում է, որ իրենց գյուղում պայմանները շատ ավելի լավն են, քան շատ ուրիշ գյուղերում:
«Ասֆալտ կա, տրանսպորտը նորմալ է: Մենակ աշխատանքի խնդիրն է, որ երիտասարդներին տանում է դեպի Երևան»,- նշում է համայնքի ղեկավարը: