Նորվեգական դիցաբանության մեջ շատ են աստվածների, աստվածուհիների, հսկաների, գաճաճների, էլֆերի կերպարները: Ցավոք, նրանցից շատերը մատնվել են մոռացության: Այնինչ, նրանց հետ կապված բազում հետաքրքիր պատմություններ կան, որոնք արժե իմանալ:
Էլլի
Նորվեգական դիցաբանության հզոր աստվածուհիներից ոչ ոք չի կարող մրցել Էլլի աստվածուհու հետ: Նրա մականունը «Խոշորամարմին ջադու է»: Նա Թոր աստծուն հրավիրել է մարտի և հաղթել է նրան: Այնուամենայնիվ, պետք չէ թերագնահատել Թորի ուժը, քանի որ Էլլին խաբեությամբ է հաղթանակի հասել: Էլլին ծերության մարմնավորումն է:
Հյոնիր
Օդին աստծո եղբայր Հյոնիրը հայտնի է իր տարտամ խառնվածքով: Աիսիրցիների (ռազմի աստվածների) և վանիրցիների (պտղաբերության աստվածների) միջև պատերազմի ավարտից հետո, վանիրցիները հաստատվեցին Ասգարդի մեծ պատից այն կողմ: Հյոնիրը ռազմագերիների փոխանակման ծրագրի մասնակիցներից էր: Այդ ծրագիրը նախաձեռնել էին զինադադար կնքելու նպատակով: Այսպիսով, Հյոնիրն ուղարկվեց Վանահեյմ, որտեղ էլ նրան բարձր պաշտոն շնորհվեց: Սակայն երբ պարզ դարձավ, որ Հյոնիրն այդքան մեծ կախում ունի Միմիր աստծո խորհուրդներից, և որ նա փաստացիորեն ինքնուրույն ոչ մի լուրջ որոշում կայացնելու ընդունակ չէ, նրա հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվեց: Հյոնիրի հեղհեղուկ խառնվածքը, ի վերջո, իրեն արդարացրեց, քանի որ նա այն փոքրաթիվ նորվեգական աստվածներից էր, որոնց հաջողվեց փրկվել Ռանգարյոկից` նորվեգական դիցաբանության աշխարհի վերջից:
Վիդար
Վիդարին կոչել են Լուռ Աստված: Օդինի որդի Վիդարը երբևէ ոչ մի բառ չի արտաբերել: Նրա կյանքի միակ նպատակն էր սպանել Ֆերնրիր գայլին: Նա ցանկանում էր վրեժ լուծել գայլից, քանի որ վերջինս Ռագնարյոկի ժամանակ հոշոտել էր Օդինին: Վիդարն ապրում էր կանաչապատ վայրում: Նա իր հետ միշտ կրում էր սուր ու հսկայական կաշվե կոշիկ: Ասում են, որ այս կոշիկը պատրաստվել է կաշվի մնացորդներից, որ Վիդարը դարերի ընթացքում հավաքել էր: Այդ մնացորդներից ստեղծված կոշիկն այնքան ամուր էր, որ չէր ծակվի անգամ Ֆենրիրի սուր ժանիքներից: Վիդարը հանգիստ չի ունենա, մինչև որ գայլին պատառ-պատառ չանի:
Տյուր
Տյուրն Օդինից էլ հին աստված է: Նա համարվում է ռազմի աստվածը: Վիկինգների դարաշրջանում մարդիկ բոլորովին մոռացել էին նրա մասին, ինչն ամոթալի է, քանի որ այս աստծո շուրջ բազում հետաքրքիր պատմություններ են հյուսված: Դրանցից մեկը կապված է Ֆենրիրի հետ: Ֆենրիրը հսկայական գայլ էր, որը վնասատու էր։ Ուր էլ որ գնար, նա ավերածություններ էր առաջացնում: Աստվածները որոշեցին այս գազանին բռնելու համար կախարդական լար կիրառել: Քանի դեռ Ֆենրիրն ազատության մեջ էր, նրանք անհանգստանում էին իրենց անվտանգության համար: Նրան կապկպեցին այդ կախարդական լարով, և գայլն այլևս չկարողացավ ազատվել կապանքներից:
Սոլ
Նորվեգական դիցաբանությունը լի է արևածագի և մայրամուտի մասին հետաքրքիր պատմություններով: Սոլին` արևի աստվածուհուն, Սկոլ անունով մի գայլ է հետապնդում: Նույնպիսի դեպք պատահել է նաև արևի աստվածուհու եղբոր` լուսնի աստված Մանիի հետ, սակայն նրան հետապնդել է Հաթի գայլը:
Սոլը սլանում է մեծ կառքով, որոնք տանում են երկու հզոր ձիեր: Ձիերից մեկի անունը «Վաղ Արթնացող» է, իսկ մյուսինը` «Սրընթաց»: Երբեմն Սկոլը հասնում էր Սոլին, ինչի արդյունքում արևի խավարում էր առաջանում: Այնուամենայնիվ, մինչ օրս ձիերին հաջողվել է գայլից ավելի արագ սլանալ: Երբ Սկոլն ու Սոլը, Մանին և Հաիթին իրար բախվեն, դրա արյունալի հետևանքները կհանգեցնեն Ռագնարյոկի: