Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած բախման հետեւանքով ձերբակալված 20 անձանցից մեկը՝ Ավետիս Ավետիսյանը, երեկ հացադուլ էր հայտարարել: Այս տեղեկությունը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվական ծառայությունից: «Նա այսօր դիմում էր ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին եւ հայտարարել հացադուլից դուրս գալու մասին»:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, ով արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, նոյեմբերի 5-ին, իր՝ մոտավորապես հարյուր աջակիցների հետ, Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել էր:
Էմմա Պալյան