«Նա ոչ միայն մեծագույն երաժիշտ ու աստղ է, այլ նաև վառ ապացույցը նրա, որ մարդկային հնարավորությունները գրեթե սահմաններ չունեն», -ասել է Վալերի Գերգիևը:
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 6-ին`հռչակավոր ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի մենահամերգով:
«Բացարձակ հրաշք»` ի ծնե կույր ճապոնացի դաշնակահարի առաջին մենահամերգը Հայաստանում տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ ժամը 19:30-ին:
« Նրա կատարումը բժշկելու ուժ ունի, իսկապես աստվածային է»:
Վեն Քլայբըրն
Ծրագրում կհնչեն Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի և Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները:
Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա լեգենդար դաշնակահար Սըր Անդրաշ Շիֆի առաջին մենահամերգը Հայաստանում, իսկ սեպտեմբերի 24-ին փառատոնը կհյուրընկալի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Հոկտեմբերի 1-9-ը տեղի կունենան հոբելյանական տասնօրյակի համերգները, որոնց մասնակցելու են դիրիժոր Փիթեր Ունջյանը, ջութակահար Պինխաս Ցուկերմանը, ալտահար Քիմ Քաշքաշյանը, «Կուս» լարային քառյակը և այլք:
Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեցին Գրեմմի մրցանակիր ամերիկյան «Պարկեր» քառյակի (Parker Quartet) և «Ամադինդա» հարվածայինների համույթի ելույթները:
Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը:
