Օրեր առաջ Արգենտինայում գտնվող Սերժ Սարգսյանը տեղական La Nacion և Clarim պարբերականներին հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու հանգամանքին՝ բառացիորեն հայտարարելով. «Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովրդին շատ է անհանգստացնում այն փաստը, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին: Բայց ես համոզված եմ, որ Հայաստանի ուժը եւ հմտությունը կբավարարի իր սահմանները պաշտպանելու համար: Չնայած Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, ես կասկած չունեմ, որ մեզ համար դժվար պահին Ռուսաստանը կկատարի իր վրա վերցրած պարտականությունները»: Առաջին անգամ է, որ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունից Հայաստանի մտահոգություններն արտահայտվում են այդքան բարձր մակարդակով, բայց սրա հետ մեկտեղ պետք է նշենք, որ այդ հայտարարությունն ուշացած էր: Հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը ոչ ադեկվատ մարդ է՝ չի բացառվում, որ նրա այդ հայտարարությունն ուղղակի ասված խոսքեր են, լեզվի սայթաքում, և լուրջ վերլուծության կարիք չունեն, հակառակ դեպքում այս հայտարարությունից կարելի էր եզրակացնել, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ լարվածություն է հասունանում, և որ Սերժ Սարգսյանն այս հայտարարությամբ ակնարկում է, որ հավատը Մոսկվայի հավաստիացումների նկատմամբ էլ առաջվանը չէ, ինչը քիչ հավանական է: Բայց կա նաև մի այլ տարբերակ, որ նման ակնարկ անելու համար Սերժ Սարգսյանը թույլտվություն ուներ: Չէ, որ վերջինս ինքնագլուխ ոչ մի քայլ, առավել ևս նան հայտարարություն անել չէր կարող:
Մյուս կողմից էլ կարելի է մտածել, որ չնայած հասարակության դժգոհությանը այս խնդրի վերաբերյալ՝ կատարյալ լռություն էր պետական ատյանների կողմից եւ Սերժ Սարգսյանն արդեն չէր կարող լռել: Նա ստիպված արձագանքեց:
Մի խոսքով` Հայաստանը կորցրել է Արեւմուտքում իր գործընկերներին, և միևնույն ժամանակ վստահություն էլ չունի իր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ:
Բայց այս ամենի հետ մեկտեղ պետք է նշել, որ հասկանալու համար, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունն ինչ էր իրականում նշանակում, պետք է սպասել Մոսկվայի արձագանքին: Բայց հարց է նաև, թե Մոսկվան հարկ կհամարի պատասխանել, թե ոչ:
Էմմա Պալյան