ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական կամ ժամանակակից գրականություն: Ծրագրի նպատակը հայ գրականությունն ու մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելն է:
2019 թվականի ավարտին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` 2020 թվականին կհրատարակվի 16 գիրք` 12 լեզվով: Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը կկարողանան կարդալ 3 լեզվով՝ հոլանդերենով, լիտվերենով եւ գերմաներենով: Կոմիտասի «Նամակներ»-ն անգլերեն, Րաֆֆու «Խենթը» կթարգմանվի ալբաներեն: Հունարեն կթարգմանվի «Հայ ժամանակակից գրականության անթոլոգիա»-ն: Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» լատվիերեն թարգմանությամբ կներկայանա ընթերցողին: Վանո Սիրադեղյանի «Պատմվածքներ»-ը գերմաներեն, Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» կթարգմանվի մակեդոներեն: Լատվիերենով կթարգմանվի Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման»: Ռուբեն Մարուխյանի «Չիկարելիի արկածները» պարսկերեն, Հրանտ Ալեքսանյանի «Հայկական էլեգիաներ.պոեզիա»-ն խորվաթերեն, Արամ Պաչյանի «Ռոբինզոն»-ն անգլերեն լեզվով կթարգմանվի: Թարգմանվող գրեքերի թվում են նաեւ Վարդան Գրիգորյանի «Հավերժական վերադարձ»-ը եւ Սարգիս Հարությունյանի «Հայի հին վիպաշխարհ»-ը: