Հայտնի դերասան Նարեկ Դուրյանը կարծում է, որ Վարդան Պետրոսյանին պետք չէր կալանքի տակ պահել` հաշվի առնելով նրա առողջական վիճակը:
«Ես վստահ եմ եւ երաշխավորում եմ, որ Վարդանը այն մարդը չէ, որ փախուստի դիմի: Նա հիմա կես մարդ է, ես պատկերացնում եմ նրա հոգեկան վիճակը: Ճիշտ է, մահ է եղել, շատ ցավալի դեպք է եղել, մենք բոլորս ենք ցավակցում, բայց Վարդանը հո չի ցանկացել նման բան: Հասկանալի է, որ ոստիկանությունը պետք է քննի, բայց Վարդանին, ով հիմա ծանր առողջական վիճակում է, չի կարելի կալանքի տակ պահել ու ավելի ծանր վիճակի մեջ դնել»,-Araratnews-ին ասեց Դուրյանը:
Վարդան Պետրոսյանի կալանքից ազատ արձակելու պահանջով երեկվանից սկսվել է նաեւ ստորագրահավաք, որին միացել են բազմաթիվ քաղաքացիներ:
Նախաձեռնության անդամները նշում են, որ ստորագրահավաքն անցկացվում է ՀՀ տարբեր մարզերում, Երեւանի ԲՈՒՀ-երի շրջակայքում եւ Ալեքսանդր Թամանյանի արձանի մոտ:
Նախաձեռնության անդամները նշում են, որ իրենց նպատակն է, որպեսզի օրենքի խախտումներ չլինեն եւ Վարդան Պետրոսյանին շուտափույթ կալանքից ազատ արձակեն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին տեղի էր ունեցել ավտովթար, որից մահացել էին երկու անչափահասներ: Ավտովթարի համար մեղադրվում է դերասան Վարդան Պետրոսյանը: Նա այժմ կալանքի տակ է:
Լիլիթ Առաքելյան