2 տարի առաջ Տիգրան Սարգսյանի կառավարությունն ընդունեց 2012-2025թթ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը, իսկ 2 շաբաթ առաջ փոփոխություններ կատարեց դրանում՝ դարձնելով այն 2014-2025թթ ծրագիր: 2 տարի առաջ չկար Մաքսային միությանն անդամակցելու որոշումը, իսկ 2 շաբաթ առաջ կար նման որոշում: Տրամաբանական կլիներ, որ վերանայված ծրագրում (2014-2025թթ ծրագրում) ասվեր ՄՄ-ի օգուտների մասին, առնվազն, ավելի բարենպաստ մակրոտնտեսական ցուցանիշներ կանխատեսվեին, քան կանխատեսված էր 2012-2025թթ ծրագրում: Որովհետև և՛ վարչապետը, և նրա թիմի ներկայացուցիչները բազմիցս խոսել են ՄՄ-ի օգուտների մասին: Բայց արի ու տես, որ վերանայված ծրագրում ոչ միայն բառ անգամ չկա ՄՄ-ի մասին, այլև 2015-2025թթ համար կանխատեսված մակրոտնտեսական ցուցանիշները ավելի վատն են, քան երկու տարի առաջ ընդունված ծրագրի՝ նույն թվականներին վերաբերող ցուցանիշները:
Աղյուսակ. 2014-2025թթ մակրոտնտեսական որոշ ցուցանիշների կանխատեսումները ըստ 2012-2025 թվականների և 2014-2025թթ հեռանկարային ծրագրերում,
Մակրոտնտեսական ցուցանիշ | Կանխատեսումը 2012-2025թթ ծրագրով | Կանխատեսումը 2014-2025թթ ծրագրով |
ՀՆԱ աճը 2014-ին | 6.3% | 5.5% |
ՀՆԱ աճը 2017-ին | 6.5% | 6.1% |
ՀՆԱ աճը 2025-ին | 6.5% | 6.5% |
ՀՆԱ 1 շնչի հաշվով, դոլար, 2017թ | 4 436 | 4 162 |
ՀՆԱ 1 շնչի հաշվով, դոլար, 2021թ | 6 657 | 6 238 |
ՀՆԱ 1 շնչի հաշվով, դոլար, 2025թ | 10 064 | 9 420 |
Արտահանում/ՀՆԱ 2017թ | 36.7 | 31.8% |
Արտահանում/ՀՆԱ 2021թ | 40.5 | 33.1% |
Արտահանում/ՀՆԱ 2025թ | 42.5 | 34.8% |
Արտաքին պարտք/ՀՆԱ 2017թ | 32.5% | 34.5% |
Արտաքին պարտք/ՀՆԱ 2021թ | 21.8% | 24.5% |
Արտաքին պարտք/ՀՆԱ 2025թ | 16.2% | 18.5% |
Ինչպես երևում է աղյուսակից, 2012թ-ին, երբ ընդունվեց 2012-2025թթ ծրագիրը և երբ Հայաստանը միտք չուներ անդամակցել ՄՄ-ին, առաջիկա տարիների համար տնտեսական աճը շատ ավելի բարձր թիվ էր կանխատեսվում, քան այժմ, երբ հայտնի է, որ Հայաստանը ՄՄ է մտնում: Օրինակ, եթե այս տարվա համար 2 տարի առաջ կանխատեսվում էր 6.3% տնտեսական աճ, ապա վերանայված ծրագրում կանխատեսվում է 5.5% տնտեսական աճ: Եթե 2017-ի համար 2 տարի առաջ կանխատեսվում էր 6.5% տնտեսական աճ, ապա վերանայված տարբերակում կանխատեսվում է ավելի քիչ՝ 6.1% տնտեսական աճ: Ավելին, 2 տարի առաջ 2017-2025թթ համար շատ ավելի բարձր կենսամակարդակ էր սպասվում (մեկ շնչի հաշվով ՀՆԱ), քան այժմ: Եթե երկու տարի առաջ 2021-ի համար կանխատեսվում էր 6657 դոլար մեկ շնչի հաշվով ՀՆԱ, ապա այժմ կանխատեսվում է ավելի քիչ՝ 6238 դոլար ՀՆԱ:
Այսպիսով՝ նախկին կառավարությունը ինքը չէր հավատում իր այն հայտարարություններին, թե Հայաստանի մուտքը Մաքսային միություն կարող է էական օգուտ տալ մեր տնտեսությանը:
Հայկ Մանուկյան