Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեկնարկել էր ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը:
Քննարկվում էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը պատասխանում էր պատգամավորների հարցերին:
ԱԺ «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում մասնավորապես նշեց.
«Հասկանալի է, որ կորոնավիրուսի համաշխարհային համավարակն անկանխատեսելի է՝ իր տարածման, ինչպես նաև յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր օրգանիզմի վրա ազդեցության տեսանկյունից: Այսինքն՝ մարդիկ կան, ում օրգանիզմի վրա այն ունենում է շատ բացասական ազդեցություն, մյուս դեպքերում՝ ոչ այդքան: Այս անկանխատեսելիության պարագայում ՀՀ կառավարությունը և մենք բոլորս դրսևորում ենք ճկունություն: Ի՞նչ է դա նշանակում, այսինքն՝ իրավիճակից ելնելով, տարածումից ելնելով և և իրավիճակը գնահատելով նախապես ընդունված որոշումները, որ պարբերաբար կային, կարող են կրել որոշակի փոփոխություններ՝ ռեժիմները խստացվել կամ ավելի թուլացվել: Հիմա՝ ինչի՞ մասին է այն նախագիծը, որն այսօր հանձնված է մեր դատին: Նախագիծն այն մասին է, որ այսօր փակ տարածքներում դիմակները կրելը պարտադիր է և դրան չենթարկվելը, դա չանելը հանգեցնելու է ֆինանսական տույժի: Եվ եթե նախկինում նախատեսվում էր 100-250000 դրամ, այս պարագայում, նորից եմ կրկնում, փակ տարածքում դիմակ չկրելը հանգեցնելու է 10000 դրամ տույժի»: