Վարդան Պետրոսյանի նկատմամբ դատաքննությունը կկայանա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում` դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգը: Կոտայքի մարզի դատարան գործն ստացվել է փետրվարի 20-ին, իսկ փետրվարի 21-ին` արդեն ընդունվել վարույթ: Տեղեկատվական համակարգում նաև Վարդան Պետրոսյանին առաջադրված մեղադրական եզրակացության որոշ մարնրամասներ են հրապարակված: Այսպես, «Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի, 04 ՍԼ 920 պ/հ ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ։ Հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն. ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում, միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից»,- ասված է դատական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մեջ: Նշված է նաև, որ Վարդան Պետրոսյանը թույլ է տվել Ճանապարհային երթևեկության կանոնների 65 և 66 կետերի, ինչպես նաև «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի, 24-րդ հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ: Հավելենք, որ հիշյալ դրույթները վերաբերում են արագության գերազանցմանն ու ընթացքի ժամանակ հեռախոսից օգտվելուն:
Մանրամասները pastinfo.am — ում: