Օրերս ավարտվեց գնդապետ, Արցախյան պատերազմի հրամանատար, ազատամարտիկների սոցիալական խնդիրների համար շարժում ծավալած Վոլոդյա Ավետիսյանի գործով նախաքննությունը: Քննիչն ի վերջո հիմնավոր համարեց նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքները։
Հիշեցնենք, որ մայիսից ազատամարտիկների սոցիալական պահանջներով Ավետիսյանն իր մարտական ընկերների հետ ցույցեր էր կազմակերպում թե Երևանում, թե մարզերում:
Սեպտեմբերի 21-ին կազմակերպվելիք մեծ հանրահավաքից առաջ գիշերով ձերբակալվեց Վոլոդյա Ավետիսյանը, ում հետագայում մեղադրեցին խարդախության և խարդախության փորձի համար։ Ըստ գործի, նա քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու խոստումով 2000 դոլար է վերցրել։
Ավետիսյանը չի ընդունում մեղադրանքը։ Ավետիսյանի ընկերները, ընտանիքի անդամները նրան քաղաքական բանտարկյալ են համարում:
Ըստ Ավետիսյանի հարազատների, իշխանությունները չբավարարվեցին նրան բանտարկելով, վերջերս բանակ զորակոչեցին Ավետիսյանի հիվանդ որդուն: