«Ուսումնական տարվա ավարտի և բուհերի ընդունելության մասին» թեմայով անցկացվող ուղիղ եթերի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ինքը շատ լավ գիտի, թե «Վերջին զանգը» որքան կարեւոր է «յուրաքանչյուրիս կյանքում», քանի որ մի շատ կարեւոր էջ փակվում է, եւ մի շատ կարեւոր էջ՝ բացվում:
«Բայց ունենք համավարակի տարածման խնդիր, եւ պետք է արձանագրենք, որ երիտասարդները, պատանիները եւ աշակերտները հիմնականում եթե հիվանդանում էլ են, իրենց մոտ հիվանդությունն ընթացնում է առանց սիմպտոմների, բայց իրենք դառնում են վարակակիր, եւ եթե մեծ միջոցառումներ իրականացնենք, իրենք կարող են վարակը տարածել իրենց ընտանիքներում, ուր կան տարեց պապիկ-տատիկներ, ծնողներ, որ կարող են ունենալ քրոնիկ հիվանդություններ, եւ դրանք էլ ամենախոցելի խմբերն են, եւ մենք առավելագույնը պիտի անենք վարակը չտարածելու եւ իրենց առողջությանը չվնասելու համար…Հենց Առողջապահության նախարարության հետ պայմանավորվում ենք, որ համավարակն այլեւս վտանգ չի ներկայացնում, եւ մենք այլևս խնդիր չունենք արդեն սահմանափակումների հետ, միասին որոշում ենք որեւէ օր եւ իրականացնում ենք «վերջին զանգի» արարողությունները: Նախարարություններն էլ, պաշտոնյաներն էլ կմասնակցեն ձեզ հետ այդ միջոցառումներին: Վստահ եմ, որ ոչ միայն դուք, որ այս ընթացքում տներում փակված եք եղել եւ սահմանափակումներ եք ունեցել, այլեւ մենք, որ տեսնում ենք այս սահմանափակումները, կարիք ունենք այդպիսի հանրային միջոցառումների»,- նկատեց նախարարը: