Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի նոր ռազմավարությունում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են դատապարտյալների զբաղվածության խնդրի լուծմանը: Armenpress-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ըստ նախարարի` դատապարտյալներին աշխատանքով ապահովելու և զբաղվածության խնդիրների լուծմամբ զբաղվող «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ կապված մի շարք խնդիրներ են առաջացել, որոնց կապակցությամբ այժմ քրեական վարույթներ կան տարբեր տեսակի:
«Այս պահին կան բազմաթիվ տեղեր, որտեղ հնարավոր է աշխատանքով ապահովել: Դա հացի փռերն են, նռան այգիները և խոզաբուծարանները, բայց այդ մասով աշխատանքներն այնքան էլ արդյունավետ չեն կազմակերպվել:
Այժմ հիմնադրամը ունի նոր տնօրեն և այդ նոր տնօրենի խնդիրն է այդ հարցերի լուծումները փնտրելը, որպեսզի կարողանանք գնահատել, թե արդյոք այդ հիմնադրամի միջոցով ենք առաջ գնալու դատապարտյալների վերասոցիալականացման խնդիրները լուծելիս, թե պետք է այլ ձևաչափ մտածել»,- ընդգծել է Ռուստամ Բադասյանը: