Թուրքիայում առաջիկա նախագահական ընտրությունները մեծ նշանակություն են ունենալու, քանի որ դրանից հետո երկրում շատ բան փոխվելու է։ Այս մասին հաղորդում է Milliyet-ը՝ հղում կատարելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանին։
Նրա խոսքերով՝ նախագահի թեկնածու պետք է առաջադրվեն նրանք, ովքեր սերտ կապեր ունեն ժողովրդի հետ։ Ինչպես գրում է թերթը՝ Էրդողանը չի նշել, թե ով է առաջադրվելու իշխող կուսակցության կողմից։ Սպասվում է, որ նոր նախագահ ընտրվելուց հետո արդեն նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։
Հիշեցնենք, որ Էրդողանն իր առաջադրվելը նաև պայմանավորել էր մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններում իր կուսակցության ցուցադրած արդյունքներով։ Հիշեցնենք, որ այդ ընտրություններում, չնայած կառավարության հետ կապված խայտառակ կոռուպցիոն սկանդալին, Արդարություն և զարգացում կուսակցությունը ստացավ թուրք ընտրողների ձայների մեծամասնությունը։