Մեր տանը ինքը երբեք չի եղել, ոչ մի հարաբերություն չի եղել։ Էդ ամեն ինչը հնարված է: Այս մասին լրագրողների հետ ասուլիսին հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով Նաիրի Հունանյանի հետ ունեցած հանդիպումների մասին խոսակցություններին։
«Ես Նաիրի Հունանյանի հետ առնչվել եմ 1988 թ․ շարժման ժամանակ, որովհետև ես «Ղարաբաղ» կոմիտե էի ներկայացնում, ինքը՝ ուսանողական շարժում։ Այն ժամանակ մենք իրար հետ հանդիպել ենք, որից շատ երկար ժամանակ հետո ինքը եկել է ԱԺՄ կուսակցություն, ուզեցել է ընդունվել, մենք որոշել ենք, որ չարժի ինքը դառնա մեր կուսակցության անդամ, որովհետև ԱԺՄ-ն բոլորին չէր ընդունում։ Ինչ-ինչ պատճառներով մենք իրան չենք ընդունել։ Բացի դրանից՝ ես էլ ոչ մի առնչություն հետը չեմ ունեցել՝ ոչ ընկերական հարաբերություններ, ոչ հանդիպումներ, ոչ մի այդպիսի բան չի եղել»,- ասաց Մանուկյանը՝ պնդելով, որ այդ ամենի հետևում քաղաքական նպատակներ կան։
Իսկ այն պնդումները, որ Մանուկյանը Հունանյանի հետ հանդիպել է հոկտեմբերի 27-ից առաջ, արձագանքեց․ «Ինչքան գիտեմ, բոլոր խոսակցությունները բանտում ձայնագրվում են, պահանջեք այդ ձայնագրությունը, վերցրեք, ինքներդ նայեք»,- ասաց Մանուկյանը՝ շեշտելով, որ չի պատրաստվում ինչ-որ մեկի ասածներին հակադարձել։
Այն, որ Մանուկյանը հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը մի խումբ ռոմանտիկների գործունեություն է համարել՝ պնդելով, որ այլ կազմակերպիչներ չեն եղել, Հանրային խորհրդի նախագահը չանդրադարձավ իր այդ հայտարարությանը՝ նշելով, որ «գործը քննվել է, ավարտվել է ինչ-որ արդյունքով, եթե արդյունքը բավարար չէ, թող վերաբացեն»։