«Նաիրիտ» գործարանի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների մասին Եվրոպայի հայկական միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) իրավաբանական հանձնախմբի հայտարարությունը, որտեղ կրկին շրջանառվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը, «բացարձակ եւ լկտի սուտ է»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը:
Ստորեւ ներկայացնում ենք Բերբերյանի պարզաբանումն այդ հարցի վերաբերյալ.
«Հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Բոլոր փաստերը կեղծված են եւ միտումնավոր աղավաղված՝ իրականությունն այլ տեսանկյունից ներկայացնելու համար:
Դեռեւս 2006 թվականին Կենտրոնական բանկը բառացիորեն փրկեց «Նաիրիտ» գործարանը մասնատումից եւ ակտիվների փոշիացումից, ապա բաժնետոմսերը օտարեց ՀՀ կառավարությանը, հանձինս «Հայգազարդ» բաժնետիրական ընկերության:
Անցած տարի կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետը «Նաիրիտ» գործարանի շուրջ արհեստական եւ մտացածին շահարկումներին վերջ տալու նպատակով հանդես եկավ հայտարարությամբ, ապա ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը լրատվամիջոցների, հետաքննողների եւ Նաիրիտ գործարանի ճակատագրով մտահոգ կազմակերպությունների, անհատների համար հասանելի դարձրեց այն ողջ տեղեկատվությունը, որն արտացոլում է Նաիրիտ գործարանի պատմությունը: Ինչ վերաբերում է ձեր հիշատակած կազմակերպությանը, ապա սա արդեն ծանոթ ձեռագիր է եւ որեւէ նորություն թե ձեւի, եւ թե բովանդակության առումով չի պարունակում: Կարելի է համադրել նախկինում արված նման անհիմն եւ անպատասխանատու հայտարարությունները ձեր հիշատակած կազմակերպության տարածած տեղեկատվության հետ եւ ակնհայտ կդառնա, որ դրանց հետեւում թաքնված են նույն անձինք կամ անձը: Նաիրիտ գործարանի ճակատագրով մտահոգ, նրա պատմությամբ հետաքրքրված բոլոր կազմակերպություններին եւ անձանց համար պատրաստակամ ենք հասանելի դարձնել փաստաթղթերի ողջ փաթեթը, հուսով, որ այն կդառնա մանրակրկիտ ուսումնասիրության նյութ: /փաթեթին ծանոթանալու համար կարող եք դիմել press@gov.am հասցեով/»:
Ստորեւ ներկայացնում ենք «Նաիրիտ» ՓԲ ընկերության բաժնետոմսերը «Հայգազարդ» ընկերության կողմից ձեռք բերելու թույլտվություն տալու մասին կառավարության որոշումը, որը կայացվել է 2006-ի օգոստոսի 18-ին:
«Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի
Հանրապետության oրենքի 60-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության
կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` թույլատրել
«Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը, որը հանդիսանում է «Նաիրիտ
գործարան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) խոշոր
բաժնետերը եւ սեփականության իրավունքով տնoրինում է ընկերության 2678559 հասարակ բաժնետոմսերից 1505320 բաժնետոմսերը (կամ 56.2 տոկոս բաժնեմասը), Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով հանդես գալ առաջարկությամբ եւ համապատասխան առուվաճառքի պայմանագրերի կնքմամբ ձեռք բերել ընկերության մյուս բաժնետերերին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասերը (այսուհետ` գործարք)` այն հաշվով, որը գործարքի արդյունքում «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը կդառնա ընկերության մինչեւ 90 տոկոս բաժնեմասի սեփականատերը: Ընդ որում, «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության առաջարկությամբ` կնքվող գործարքներում ընկերության բաժնետոմսերի գինը պետք է սահմանվի`
ա) ընկերության կանոնադրական կապիտալում 8 եւ ավելի տոկոս մասնակցություն ունեցող` իրավաբանական անձ հանդիսացող բաժնետերերից ձեռք բերելիս` մեկ բաժնետոմսի համար դրա անվանական արժեքի 25 տոկոսի չափով.
բ) ընկերության կանոնադրական կապիտալում 8 տոկոսից պակաս մասնակցություն ունեցող` իրավաբանական անձ հանդիսացող բաժնետերերից ձեռք բերելիս` մեկ բաժնետոմսի համար դրա անվանական արժեքի 25 տոկոսից պակաս` կողմերի միջեւ փոխհամաձայնեցված գնով:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում: