Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կայացած հանրահավաքի ընթացքում անդրադարձել է հայրենադարձության գաղափարին:
«Ես ուզում եմ խոսել մեծ հայրենադարձության գաղափարի մասին: Այսօր էլ արդեն բազմաթիվ հայեր վերադառնում են Հայաստան: Մենք այսօր վիճակագրություն հրապարակեցինք: Դա ժամանակ առ ժամանակ արվող վիճակագրություն է: 2015 թվականի համեմատությամբ Հայաստանի սահմանահատումների դրական սալդոն աճել է 32 անգամ ժողովուրդ, 32 անգամ: Բայց ես ուզում եմ խոսել մեծ հայրենադարձության մասին՝ ասելով, որ ապրել Հայաստանում չի նշանակում միայն ֆիզիկապես ապրել Հայաստանում: Ապրել Հայաստանում նշանակում է նաև ապրել Հայաստանով և ես համարում եմ, որ ձեզնից շատերը միշտ էլ ապրել են Հայաստանում և այսօր էլ ապրում են Հայաստանում, որովհետև ես տեսնում եմ և գիտեմ, որ դուք ապրում եք Հայաստանով և դա է ամենակարևորը: Բայց մյուս կողմից ես ուզում եմ ասել, որ ապրել Հայաստանում չի նշանակում տարին 12 ամիս ֆիզիկապես գտնվել Հայաստանում կամ ընդհանրապես 21-րդ դարում որևէ երկրում ապրել չի նշանակում տարին 12 ամիս անընդհատ ֆիզիկապես գտնվել նույն տեղում»,- ասել է Փաշինյանը: