Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը հայտարարել է, որ Կիևի կենտրոնում մահերի համար պատասխանատուն այդ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչն է: «Ամեն ինչ պարզ է` մահերի և բռնությունների ամբողջ պատասխանատվությունը Յանուկովիչի վրա է: Նրա ձեռքերն արյան մեջ են»,- գրել է նախարարը Twitter-ի իր էջում:
Նախարարը նաև հայտարարել է, որ աջակցելու է Ուկրաինայի եվրոպական երազանքներին և դատապարտում է Կիևում տեղի ունեցող բռնությունները:
Այսօր Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսն ասել է, որ իր երկիրն աջակցելու է Ուկրաինայի դեմ պատժամիջոցների կիրառմանը: «Եկել է մյուս փուլին` պատժամիջոցներին անցնելու ժամանակը»,- ասել է նա` հավելելով, որ իր կարծիքը կիսում են նաև իր գերմանացի և շվեդ գործընկերները:
Ավելի վաղ, պատժամիջոցների մասին խոսել էր Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը: