տուն Լուրեր «ՄՏՍ-Վիվասելը, Քաջարանի ՊՄԿ-ն և այլք պիտի ապացուցեն՝ արդյո՞ք 5 տոկոսով աշխատավարձը բարձրացնելը...

«ՄՏՍ-Վիվասելը, Քաջարանի ՊՄԿ-ն և այլք պիտի ապացուցեն՝ արդյո՞ք 5 տոկոսով աշխատավարձը բարձրացնելը գների փոխհատուցումը չէ»

160
0

Hrant-BAgratyan2ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին մի շարք ընկերություններ (ՄՏՍ, Քաջարանի ՊՄԿ, Արարատբանկ) հայտարարեցին, որ իրենց աշխատակիցների համար իրենց իսկ միջոցների հաշվին կկատարեն պարտադիր կուտակայինի վճարումները։ Սա իշխանության ձեռագիրն է. օգտագործել մի շարք իբր թե հեղինակավոր գործարարների իմիջն ու այսպես կոչված նախաձեռնությունը թուլացնել ճնշումները այն հիմար կուտակային համակարգի վրա, որը պատրաստվում են ներդնել հունվարի մեկից։ Իրականում նշված ընկերությունների կողմից իրենց աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման միջոցով պարտադիր կուտակային վճարումները կատարելը բացահայտ բլեֆ է և սուտ։ Այս աշխատակիցները կրկնակի են վճարում։ Ինքս 8 տարի եղել եմ կոնյակի գործարանի փոխնախագահ, տնօրեն (այդ թվում հենց աշխատավարձի քաղաքականության գծով)։ Անկապ ու անհեթեթ է աշխատավարձը բարձրացնել հենց պարտադիրի վճարումները փոխհատուցելու նպատակով։ Ամեն մի նորմալ ընկերություն տարեվերջին աշխատավարձ է բարձրացնում։ Կոնյակի գործարանը 1998-2006 թթ ամեն տարի 10-15%-ով աշխատավարձ է բարձրացրել. այդ բարձրացման մի մասը փոխհատուցում էր գնաճը, մյուս մասն ավելացնում էր իրական աշխատավարձը։ Այս տարի գնաճը շուրջ 6 տոկոս է։ Հիմա օրինակ ՄՏՍ-Վիվասելը, Քաջարանի ՊՄԿ-ն և այլք պիտի ապացուցեն՝ արդյո՞ք 5 տոկոսով աշխատավարձը բարձրացնելը գների փոխհատուցումը չէ։ Կամ էլ ամեն տարեվերջին նախատեսված աշխատավարձի պարտադիր բարձրացումը արդյոք չի՞ ներկայացվում իբրև կուտակայինի փոխհատուցում։ Եթե սրանք նորմալ ընկերություններ են, ապա հաստատված բյուջե պետք է ունենան։ Եվ ուրեմն պետք է հստակ հայտարարեն, որ 5 %-ի բարձրացումն արվել է բյուջեում նշված թվերից դուրս։ Թե չէ, ստացվում է, որ փոխհատուցում եք գնաճը, բայց անվանում կուտակայինի փոխհատուցում։ Սա բարոյական չէ. քողարկված ձևով այդ ընկերությունների ղեկավարները քաղաքականապես օգնում են կառավարությանը։ Ի վերջո, անկասկած, կառավարությունն այդ նույն ժողովրդի հաշվին նշված ընկերություններին իր «շնորհակալությունը» կհայտնի»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here