տուն Uncategorized Մտորումների տեղիք է տալիս. Հովսեփ Խուրշուդյան

Մտորումների տեղիք է տալիս. Հովսեփ Խուրշուդյան

343
0

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Աբովյանի քաղաքապետի դեմ հարուցված քրեական գործերից առնվազն երկրորդը՝ ՙՙպետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չձեռնարկելու փաստերի առնչությամբ 2019 թվականի ապրիլի 22-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 315 պրիմ 2–րդ հոդվածի հատկանիշներով՚՚ (հղումը՝ մեկնաբանության մեջ) մտորումների տեղիք է տալիս:
Երեկվա Հ1-ի ռեպորտաժից պարզ էր, որ խոսքը գնում է Աբովյանում Մուլտի Գրուպի կողմից բազմաբնակարան 19 շենքերի կառուցման նախագծին, որոնցից 6-ը արդեն կառուցման փուլում են:
Ես մի քանի հռետորական հարցադրում ունեմ այս կապակցությամբ.
1. Եթե այդ հողամասերը վաճառվեին աճուրդով՝ արդյո՞ք այն կգնվեր բազմաբնակարան շենքեր կառուցելու նպատակով: Հայտնի է, որ անգամ Երեւանի ծայրամասերում սոցիալական բնակշինարարությունը կամ շահութաբեր չէ ընդհանրապես, կամ էլ՝ ցածր շահութաբերություն ունի: Իսկ Աբովյանում, կարելի է կռահել, առավելեւս: Ուրեմն աճուրդով սեփականաշնորհելու դեպքում այդտեղ կկառուցվեր կամ կազինո, կամ սաունա կամ ռեստորան՝ եթե ընդհանրապես ինչ-որ բան կառուցվեր:
2. Արդյո՞ք քաղաքապետի պարտականությունների մեջ չի մտնում համայնքի շահերը սպասարկելը, բնակֆոնդի թարմացմանը նպաստելը, սոցիալական շինարարության խրախուսումը, ինչը ակնհայտորեն կնպաստի համայնքից արտագաղթի նվազեցմանը, կամ անգամ արդեն արտագաղթածների վերադարձին: Մանավանդ եթե խոսք է գնում շուրջ հազար բնակարանների կառուցման մասին:
3. Արդյո՞ք երկրի իշխանությունների պարտականության մեջ չի մտնում իրենց իսկ հռչակած (շատ ճիշտ) ապակենտրոնացման, Երեւանի բեռնաթափման եւ մարզերի զարգացման քաղաքականության իրականացումը:

Այնպես որ՝ եթե անգամ օրենքի խախտում է տեղի ունեցել՝ շտապ փոխեք օրենքը: Օրենքը չպետք է խոչընդոտի մարզերի զարգացմանը, այլ հակառակը՝ պետք է նպաստի դրան: Համայնքներին պետք է իրավունք տրվի անհատույց հողահատկացումներ անել սոցիալական ուղղվածություն ունեցող նախագծերի իրականացման համար: Անգամ եթե կառուցապատողը որոշակի նվազագույն շահույթ ստանալու է: Ամբողջ աշխարհում նման ծրագրեր իրականացնելու համար համայնքը դեռ մի բան էլ համաներդրողի դերում է հանդես գալիս: Ապահովում է ենթակառույցների մոտեցումը դեպի կառուցապատվող օբյեկտները: Եւ պետությունն էլ ոչ թե խոչընդոտում, այլ խրախուսում է նման նախագծերի կյանքի կոչմանը: Պետության, տվյալ դեպքում վերահսկող գործառույթ ունեցող մարմինների խնդիրը կլինի ընդամենը ապահովել, որ անհատույց հողահատկացումը իրոք ուժեղ սոցիալական բաղադրիշ պարունակի, օրինակ, եթե դա գործարան է՝ շոշափելի ներդրումներ, աշխատատեղեր, շահույթ ապահովի համայնքին եւ պետությանը:
Կարծում եմ, որ Դատախազությունը օր առաջ պետք է կասեցնի վարույթը՝ հնարավորություն տալով կառուցապատողին (հատուկ չեմ կրկնում կառուցապատողի անունը, քանի որ այստեղ դա որեւէ նշանակություն պետք է չունենա) ավարտելու Աբովյանում բնակաշինության հրաշալի սոցիալական ծրագիրը: Իսկ ԱԺ-ն պետք է փոխի օրենքը՝ նախ տվյալ կոնկրետ եւ բոլոր համանման դեպքերի համար ազատելով կառուցապատողին եւ համայնքին պատասխանատվությունից կատարված օրինախախտման համար (անձի իրավական վիճակը բարելավող՝ պոզիտիվ ազդեցության դեպքում օրենքը ունի հետադարձ ուժ), ապաեւ նպաստավոր իրավական դաշտ ստեղծելով մարզերի համայնքների զարգացման համար:
Այստեղ ուզում եմ մեջբերել հայտնի ֆիլմից Ավագի խոսքերը. ՙՙՊետությունը կտեսնի, որ հանցանքը փոքր է եւ կների՚՚»: