տուն Լուրեր Մտադիր ենք ավելացնել սարքավորումները՝ հերթերից խուսափելու համար. անձնագրային վարչություն

Մտադիր ենք ավելացնել սարքավորումները՝ հերթերից խուսափելու համար. անձնագրային վարչություն

689
0

35536

Վերջին օրերին շատ են բողոքները՝ կապված Երեւանի մի քանի անձնագրային բաժիններում մեծ թվով հերթերի հետ: Բնակիչների հավաստմամբ՝ յուրաքանչյուր բաժնում մի քանի պատուհաններից աշխատում են միայն մեկ- երկուսը:

ՀՀ Ոստիկանության Անձնագրային ու վիզաների վարչության հսկողության և վերլուծության բաժնի պետ Մնացական Բիչախչյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր շատ են քաղաքացիների կողմից ստացված դիմումները, դա է պատճառը, որ հերթեր են գոյանում:

«Այսօր Երևանի գրեթե բոլոր անձնագրային բաժիններում նախատեսվել է ավելացնել նաև երկրորդ պատուհանը: Կենսաչափական անձագիր և նույնականացման քարտ ստանալու համար լրացվող դիմումները առանձնահատուկ են: Եթե  քաղաքացին կարող էր ցանկացած պատուհանին մոտենար և գրավոր ձևով դիմում ներկայացներ, ապա կենսաչափական անձնագրի համար քաղաքացին էլեկտրոնային դիմումի հետ զուգահեռ հանձնում է նաև մատնահետք: Այսինքն, եթե այնտեղ հիմա տեղադրված են մեկ-երկու մատահետք վերցնող սարքեր, այսուհետ նախատեսվելու են նաև մի քանի այլ սարքեր: Մենք հիմա լրացուցիչ սարքավորումներ ենք ձեռք բերում և մի քանի պատուհաններ դեռ պատրաստվում ենք ավելացնել»,- ասում է նա:

Մնացական Բիչախչյանը նաև ընդգծեց, որ գործընթացը սկսվել է մեկ ամիս առաջ և մատնահետք վերցնող սարքերը նախատեսվում է ավելացնել նաև մարզերում՝ ըստ ծանրաբեռնվածության:

«Ինչ վերաբերում է ժամկետների գերազանցմանը, շատ կարճ ժամանակահատվածում այդ խնդիրը ևս լուծում կստանա: Դրա հիմնական պատճառը միանգամից քաղաքացիների դիմումների զգալի հոսքն է: Կան շատ դիմումներ և՛ դուրս գնալու անձնագիր ստանալու, և՛ նույնականացման քարտ ստանալու հետ կապված»,- ասում է Մ. Բիչախչյանը: