Մոսկվայի 9-րդ վերաքննիչ ատյանի վճռով որոշվել է ՌԴ-ից հօգուտ «МежрегионНИИпроект» ՍՊԸ-ի գանձել 1.3 միլիարդ ռուբլի: Բանն այն է, որ վերոհիշյալ ընկերությունը, որը մտնում է «ԲԱՄՕ» կազմակերպությունների խմբի մեջ, 2005 թվականին «ՌուսԳյուղՏնտեսԱկադեմիայից» գնել էր այսպես կոչված Յուսոպովյան պալատը և այնտեղ իրականացրել վերականգնողական աշխատանքներ: Սակայն հետագայում, պայմանավորված այն փաստով, որ շինությունը պատմամշակութային հուշարձան է, առքուվաճառքի պայմանագիրը անվավեր է ճանաչվել: «МежрегионНИИпроект»-ը հայցով դիմել էր դատարան պահանջելով փոխահատուցել վերականգնման աշխատանքների համար ծախսած գումարները, սակայն դատարանը մերժել էր հայցը: Իններորդ վերաքննիչ դատարանի վերոհիշյալ վճռով բեկանվում էր դատարանի հենց այս որոշումը, և պարտադրվում էր պետությանը փոխհատուցել կազմակերպության ծախսերը: Հիշեցնենք, որ «ԲԱՄՕ» ընկերությանը պատկանում էր Հովիկ և Մուրադ Մուրադյաններին: 2013թվականի հունիսին մոսկովյան էլիտար հյուրանոցներից մեկի մուտքի մոտ սպանվել էր Հովիկ Մուրադյանը: «ԲԱՄՕ» ընկերությանն է պատկանում նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի բաժնետոմսերի գերակշիռ մասը: