Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի 2014թ.-ի առաջնության ընթացքում հանդիպումները սպասարկող մրցավարների 1856 որոշումներից մոտ 200-ը սխալ են ճանաչվել, սակայն ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեն գոհ է նրանց աշխատանքի որակից: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կոմիտեի ղեկավար Մասիմո Բուզական:
«Աշխարհի առաջնության 62 հանդիպումների ընթացքում մրցավարները 1856 որոշում էին կայացրել: Դրանցից մոտ 200-ը ճանաչվել են սխալ: Ֆուտբոլը զարգանում է, և մրցավարությունը նույնպես տեղում չի կանգնում: Մենք աշխատում ենք համապատասխանել խաղի աճող բոլոր պահանջներին, սակայն ինչպես ֆուտբոլիստները, իրավունք ունենք սխալվելու:
Նկատեմ, որ ընդհանուր առմամբ մրցավարական կոմիտեն գոհ է մրցաշարի ընթացքում մրցավարական բրիգադների աշխատանքների որակից: Կարևոր է, որ մրցավարները իրենց նկատմամբ հարգալից վերաբերմունք են զգում: Մրցաշարից առաջ մենք հանդիպումներ ենք անցկացրել թիմերի հետ, և, ինչպես տեսնում եք, այդ «մանկավարժական» մեթոդները լավ արդյունքներ են տվել: Մենք հասել ենք իրար նկատմամբ երկկողմ հարգանքի, ինչպես՝ ֆուտբոլիստների, այնպես էլ մրցավարներ կողմից», — նշել է Բուզական: