Օրերս կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ինքնակամ շինությունների մասին: Նա հիշեցրեց Մոնումենտի դղյակները, Օղակաձեւ այգու սեփականաշնորհումը: Վարչապետի կարծիքով՝ պետք է այս հարցը քննարկել իրավաբանների հետ ու եթե անհրաժեշտ լինի կիրառել անցումային արդարադատության դրույթները:
Հայտնի է, որ ինքնակամ շինությունների ու դրանց առնչվող դատական գործերի պակաս Հայաստանում չկա:
Ինչպես պետք է լուծվի խնդիրը, Araratnews.am-ը զրուցեց փաստաբանի եւ ճարտարապետի հետ:
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքնակամ շինությունների օրենսդրությունը լուծում է այդ խնդիրները:
Ինչ վերաբերում է Օղակաձեւ այգում կառուցված շինություններին, Ա. Սիրունյանի կարծիքով, դրանք պետք է ապամոնտաժվեն, քանի որ կառուցվել են համայնքային հողում: «Օղակաձեւ այգին մասնավորեցման ենթակա հող չի եղել: Ունենք հողային օրենսգրքում 60-րդ հոդվածը, որը սահմանում է մասնավորեցման չենթակա հողերը: Այգիները հողերը այդ շարքում են: Հետևաբար՝ Օղակաձեւ այգու շենքերը չեն կարող օրինականացվել»,- ասաց փաստաբանը:
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ճարտարապետ Արսեն Կարապետյանն էլ Araratnews.am-ին ասաց, որ պետք է բացառել ապօրինի շինարարությունը: «Առաջին անգամ 2000-ականներին լսեցի, որ կա ապօրինի շենքերի օրինականացում, որը հիշեցնում է հանցագործությունների օրինականացման պրակտիկան»,- վերհիշեց մեր զրուցակիցը:
Լուծումներից մեկը, ըստ մասնագետի, այն է, որ գուցե ինքնակամ շինությունների ինչ-որ խմբաքանակ պետք է օրինականացնել, եթե սեյսմակայուն են: «Դժվարանում եմ հստակ լուծում առաջարկել: Երեւի թե պետք է դեպք առ դեպք ուսումնասիրել, բայց դա ահռելի ծավալ է, կառաջացնի կոռուպցիոն խնդիրներ: Սակայն պետք է հասկանալ՝ դա ինչ հողի վրա է կառուցված: Ըստ իս՝ կադաստրային բոլոր հողերը պետք է գույքագրվեն, որ հասկանանք՝ որտեղ ինչ է տեղի ունենում»,- կարծում է հանձնաժողովի նախագահը:
Հարց հնչեցրինք նաև Մոնումենտի առանձնատների մասին: Արսեն Կարապետյանը դա համարում է խայտառակություն: «Քաղաքի այգին բաժանվեց, քաղաքապետարանն իր փողով պարիսպը բարձրացրեց, որ չերեւա: Այդպիսի լկտիություն դժվար է պատկերացնել: Ոչ որպես ավագանի, բայց որպես քաղաքացի ու մասնագետ կարող եմ ասել՝ հույս ունեմ՝ որոշ բաներ կքանդվեն, որովհետեւ այդ վայրում պետք է անտառ լինի»,- կարծում է Արսեն Կարապետյանը։
Սոնա Դավթյան