Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շնորհիվ եվրոպական մի շարք երկրներում օդի աղտոտվածությունը նվազել է:
Araratnews.am-ը «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանին հարցրեց՝ Հայաստանում օդի աղտոտվածությունը պակասե՞լ է: «Ինձ ասում են՝ օդի աղտոտվածությունը նվազել է, Երեւանում օդը մաքրվել է, Արարատը մաքուր երեւում է: Այս ամենը պետք է լիներ, քանի որ արդյունաբերությունը չի գործում, տրանսպորտը չի գործում»,- պատասխանեց նա։
Կարինե Դանիելյանը հիշեցնում է՝ մոլորակը պատասխանում է մարդկությանը այս բարբարոսական վերաբերմունքի պատճառով. շատանում են բնական աղետները, ուժեղանում են համաճարակները: Մոլորակը հրաժարվում է մարդկությունից: «Եթե մարդկությունն ուզում է ապրել մոլորակում, պետք է մարդը վերածվի բանական մարդու եւ բարոյականի, իսկ այդ բարոյականությունը պետք է դրսեւորվի բնության նկատմամբ: Հույս ունեմ՝ այս հարվածը (նկատի ունի կորոնավիրուսը- հեղ.) մեծ ազդակ է մարդկությանը: Եթե՝ ոչ, հարվածը հարվածի հետեւից ուժեղացած ստանալու ենք»,- վստահեցրեց ասոցիացիայի նախագահը:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահը հիշեցնում է դինոզավրերի անհետանալը, որովհետեւ շատ մեծ բեռ էին էկոհամակարգի համար: «Կարող է մի աստերոիդ գա ու խփի ու դրանով վերջանա»,- կանխատեսում է տիկին Դանիելյանը:
Ինչ քայլեր պետք է ձեռնարկի կառավարությունը օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար: Կարինե Դանիելյանը կցանկանար՝ օդի աղտոտվածությունը նվազեցնելու նախաձեռնությունը Հայաստանինը լիներ:
Մեր զրուցակիցը վստահ է՝ օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է ոչ այնքան ֆինանս, որքան ինստիտուցիոնալ վերակառուցում: «Իսկ ֆինանսական միջոցները հնարավոր է հայթայթել»,- կարծում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:
Զանգահարեցինք նաև շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարին՝ պաշտոնական տվյալներ ստանալու: Նա տեղեկացրեց՝ պաշտոնական տվյալները շուտով կհրապարակվեն:
Սոնա Դավթյան