Մենք աշխատում ենք թիրախային և հետևողական, այդ հանդիպումները մենք երբևէ չենք դանդաղեցրել, չենք ձգձգել գործընթացը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին:
«Վերջին հանդիպումը եղավ սեպտեմբերին, հաջորդը լինելու է շատ շուտով՝ նախարարների մակարդակով: Ղեկավարների մակարդակով ներկա դրությամբ դեռ հանդիպում չենք ծրագրում, բայց կարող է ամեն ինչ լինել, ցանկացած ուղղությամբ զարգանալ, եթե անհրաժեշտ լինի: Կան պայամանվորվածություններ, կան գաղափարներ, թե ինչպես կարելի է հանդիպումները կազմակերպել, այդ առումով գործ ունենք անելու: Ունենք հստակ մեր դիրքորոշումները, որ ուղղված են հետևյալին՝ ապահովել այնպիսի ձևաչափ, դաշտ, որտեղ համադրելի են կողմերի պարտավորությունները»,- ասաց նա:
Մնացականյանը շեշտեց՝ չի կարող լինել իրավիճակ, երբ մի կողմը առավելապաշտական դիրքորոշմամբ փորձի ստանալ ամենը, մյուս կողմը՝ չէ, քանի որ դա տանում է փակուղի: